ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը քննարկում է պոլիկլինիկաների աշխատակիցներին հավելավճարներ տալու հարցը։ Այս տեղեկությունը հայտնեցին քաղաքապետարանից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
Վերջերս պոլիկլինիկաները միացել են COVID-19-ի դեմ պայքարին։ Հենց այս օղակի մասնագետներն են թեստավորում անում, հսկում անախտանիշ հիվանդներին, անհրաժեշտության դեպքում թոքերի ռենտգեն հետազոտություն անցկացնում ու հիվանդանոց տեղափոխում։
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության 24 բուժհաստատություն մատուցում է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն, որից 2-ը գործում են բժշկական կենտրոնի կազմում: Նշված 24 ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն մատուցող բուժհաստատություններում աշխատում են 1168 բժիշկ, 1310 բուժքույր /ԱԱՊ, նեղ մասնագիտական կաբինետների, լաբորատոր գործիքային և այլ կաբինետների բժիշկներ, բուժքույրեր/: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին ներգրավված են տեղամասային թերապևտները, մանկաբույժները, վերջիններիս բուժքույրերը, վարակաբանները և վերջիններիս բուժքույրերը, ռենտգեն կաբինետի բժիշկները և ռենտգեն տեխնիկները, իսկ աշխատանքներին մասնակցում են կրտսեր բուժաշխատողները, թերապևտիկ աշխատանքները համակարգող բաժնի վարիչը կամ տեղամասային թերապևտը, ինչպես նաև մատենավարման բաժնի աշխատակիցները, ընդամենը՝ 1275 աշխատակից», - նշված է քաղաքապետարանի պատասխանում։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով քաղաքապետարանի աշխատակազմի ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի մարտ ամսվա համար նախատեսված պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ ուղղվել էր այդ նպատակին: Ինչ վերաբերվում է հավելավճարներ տրամադրելուն, ապա հարցն այս պահին քննարկման փուլում է:
Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ 2018 և 2019 թվականներին Երևանի բյուջեի շրջանակներում կատարվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության 14 պոլիկլինիկաների, 1 հիվանդանոցի տանիքների և «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի 5-րդ ենթակայանի վերանորոգման աշխատանքներ: Նշված աշխատանքների ընդամենը արժեքը կազմում է 170.8 մլն դրամ:
Նշենք՝ քաղաքապետ Հայկ Մարությանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր վերանորոգել ոչ բարվոք վիճակում գտնվող պոլիկլինիկաները։ Սակայն հիմա առողջապահության առաջնային օղակն ուժեղացնելու գործը ստանձնել է կառավարությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին օրերս հարցրել էինք` արդյո՞ք «Շտապօգնությունը» նորից նախարարության պատասխանատվության տակ կանցնի։ Վարչապետը ուղիղ պատասխան չէր տվել, բայց ասել էր, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի արդյունքում ՀՀ առաջնային առողջության պահպանման համակարգը շատ ավելի կուժեղանա:
Ինչ վերաբերում է առաջնային օղակի աշխատակիցների աշխատավարձին, Փաշինյանը հիշեցրել էր, որ դրանք բարձրացվել են դեռ համավարակից առաջ, սակայն կառավարությունն արդեն քննարկում է այդ հարցը։