Ոստիկանությունը բերման ենթարկեց Արսեն Բաբայանին, Արթուր Դանիելյանին և այլ ակտիվիստների

Ոստիկանության բաժին է եկել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ի աջակցություն բերման ենթարկված ակտիվիստների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտից քիչ առաջ բերման ենթարկվեցին ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը և մի քանի այլ անձինք։ Լրագրողների հարցերին ի պատասխան ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ նրանք բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր տեղամասեր ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։

Նշենք, որ մի խումբ անձինք հավաքվել էին ոստիկանության բաժնի առջև ի պաշտպանություն ժամեր առաջ Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի և երեք այլ իրավապաշտպանների։ Քիչ առաջ ոստիկանության բաժին եկավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Ներկայացված է դեպքի միայն մի մասը. Բադասյանն անդրադարձել է քաղաքացուն բերման ենթարկելուն

«Հիմա բաժանմունքում կզրուցենք բերման ենթարկված քաղաքացիների հետ՝ փորձելով հասկանալ, թե որքանով է օրինական նրանց բերման ենթարկելը, քանի որ որքան տեղյակ եմ ԱԺ դիմաց չորս հոգով էին ընդամենը կանգնած և սոցիալական հեռավորությունը պահպանել էին»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ բոլոր հարցերին կպատասխանի ավելի ուշ։

Ոստիկանական բաժանմունքից քիչ առաջ դուրս եկավ բերման ենթարկված իրավապաշտպաններից Ռոբերտ Հայրապետյանը։ Նա նշեց, որ բերման ենթարկելիս իրենց հանդեպ ուժ չեն կիրառել, սակայն ոչ համաչափ և իրավաչափ է հենց ձերբակալումը, քանի որ միանձնյա ակցիա էին իրականացնում։

«Բաժին բերելուց հետո կազմվել է վարչական արձանագրություն ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու հիմքով, ինչը, բնականաբար, ապօրինի է»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ այն բողոքարկելու իրենց գործողությունների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։ Հայրապետյանն անդրադարձավ նաև բաժնի մոտ հավաքված քաղաքացիների բերման ենթարկմանը՝ նշելով, որ զավեշտալի է, քանի որ իրենց ակցիան ուղղված էր հենց հավաքների անցկացման տոտալ սահմանափակման դեմ։

Իրավապաշտպանի խոսքով՝ ոստիկանական բաժնում իրենց հետ տեսակցել է «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պատրաստակամություն հայտնելով Ազգային ժողովում այս պահին ընթացող արտահերթ նիստում բարձրացնել հավաքների անցկացման սահմանափակման իրավաչափության հարցը։

Կարճ ժամանակ անց ազատ արձակված Ռուբեն Մելիքյանը ոստիկանական տեղամասում է արդեն որպես փաստաբան՝ բերման ենթարկվածների օրինական շահերը ներկայացնելու համար։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Ռուբեն Մելիքյանը մի քանի այլ իրավապաշտպանների հետ ԱԺ–ի դիմաց պահանջում էր իշխանությւոններից վերադարձնել հավաքներ և ցույցեր անելու իրավունքը, որոնք Արտակարգ դրության պայմաններում արգելված են։