Ռուբեն Մելիքյանին բերման են ենթարկել. ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանություն

ՄԻՊ–ից հայտնում են, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի դիմացից քաղաքացիական ակցիաներ իրականացնող Ռուբեն Մելիքյանին և մի շարք այլ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ներկայացված է դեպքի միայն մի մասը. Բադասյանն անդրադարձել է քաղաքացուն բերման ենթարկելուն

Նշենք, որ այսօր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է, որ իրենն բերման են ենթարկել։ ««Հրեշտակները» ինձ տանում են Արաբկիր»,–գրել է Մելիքյանը:

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը»,–գրել է ՄԻՊ–ը։

Ռուբեն Մելիքյանը մի քանի այլ իրավապաշտպանների հետ ԱԺ դիմաց պահանջում էին իշխանությւոններից վերադարձնել հավաքներ և ցույցեր անելու իրավունքը, որոնք Արտակարգ դրության պայմաններում արգելված են։