Փաշինյանը հանձնարարեց բացահայտել կորոնավիրուսի մասին սուտ լուրեր տարածողներին

ՀՀ վարչապետը օպերատիվ մարմիններին հանձնարարեց տեղորոշել նրանց, ովքեր մարդկանց շրջանում տարածում են, թե հիվանդություն չկա, սա սուտ է, նման բան գոյություն չունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik․ Այսօր կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հենց կորոնավիրուսի թվերը որոշ չափով իջնում են, ՀՀ քաղաքացիները կտրուկ իջեցնում են հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը: Արտակարգ դրության ժամկետի երկարացումը նա կարևորեց նաև հակահամաճարակային կանոնների պարտադրման տեսակետից:

«Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ նոր թվերը հստակ արտահայտությունն են այն բանի, թե մենք բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, սոցիալական հեռավորությոսւնը պահպանելու, ձեռքերն ախտահանելու և հակահամաճարակային այլ կանոնները»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև նշեց, որ վարչական մարմինները պետք է գործադրեն վարչական ամենախիստ լծակները կանոնները չպահպանողների նկատմամբ: Միաժամանակ վարչապետը նշեց, որ հանրության շրջանում կան նաև կեղծ լուրեր տարածող շրջանակներ, որոնց բացահայտումը ևս կնպաստի համաճարակի դեմ պայքարին:

Դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի աճի տեմպերի անկման մասին. Թորոսյան

«Առանձնահատուկ կարևորություն է ստանում նաև արձանագրելը և տեղորոշելը այն շրջանակներին, որոնք մարդկանց շրջանում տարածում են, թե հիվանդություն չկա, սա սուտ է, նման բան գոյություն չունի: Կարծում եմ` մենք պետք է սրանով զբաղվելու լուրջ մեխանիզմներ գտնենք և կարողանանք այս մարդկանց տեղորոշել` հասկանալու նրանց այս գործունեության շարժառիթները և կապերը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցով պետք է զբաղվեն օպերատիվ մարմինները:

ՀՀ կառավարության արտահերթ նիստում այսօր որոշում ընդունվեց 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը, ժամը 17:00-ն երկարացնելու մասին:

Հիշեցնենք` հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:

Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։

Մեկ օրում Հայաստանում 13 մարդ է մահացել կորոնավիրուսից