Կորոնավիրուսով հիվանդ 120 պացիենտ այս պահին սպասում են հիվանդանոց տեղափոխվելուն

Կորոնավիրուսով հաստատված հիվանդները ստիպված են սպասել հիվանդանոցներում տեղեր ազատվելուն: Նախորդ օրվա համեմատ հիվանդանոցից դուրս մնացած հիվանդների թիվը պաշտոնական տվյալներով շուրջ 4 անգամ աճել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսով հիվանդ 120 պացիենտ այս պահին սպասում են հիվանդանոց տեղափոխվելու: Այսօր ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թոքերի օդափոխման սարքին միացվածների 90 տոկոսը մահանում է. Թորոսյանը նոր տվյալներ հայտնեց

«Այս թիվը միշտ լինելու է, որովհետև քաղաքացիներն ախտորոշվում են, բժշկի կողմից գնահատվում են, հետո տեսնում են՝ որ բժշկական կենտրոնում տեղ կա, որպեսզի տեղափոխեն այդ ԲԿ»,- ասաց նախարարը:

Նշենք, որ հունիսի 11-ին Արսեն Թորոսյանի հրապարակած պաշտոնական տվյալներով հիվանդանոց տեղափոխվելուն սպասող հիվանդների թիվը 32 էր, այլ կերպ ասած՝ մեկ օրում նրանց թիվը 4 անգամ աճել է՝ այսօր արդեն հասնելով 120-ի:

Թորոսյանի խոսքով` առաջնահերթ հոսպիտալացվում են ծանր հիվանդները: Նշված 120 քաղաքացիների մեջ, ըստ նախարարի, ծանր հիվանդներ չկան:

Նա վստահեցրեց, որ տեղի բացակայության հիմքով ծանր հիվանդի հոսպիտալացումը մերժելու դեպքեր Հայաստանում չեն եղել:

Թորոսյանը նաև հայտնեց, որ ՀՀ ոչ բոլոր հիվանդանոցներն են զբաղվում ու զբաղվելու կորոնավիրուսի բուժմամբ, քանի որ, նրա մեկնաբանմամբ, ճիշտ չէ վարակիչ հիվանդությունը բոլոր հիվանդանոցներ մտցնելը:

Աշնանը կորոնավիրուսը կնահանջի՞. նախարարը ստիպված է տխրեցնել

Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում: Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։