Դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի աճի տեմպերի անկման մասին. Թորոսյան

Արսեն Թորոսյանի կարծիքով` եթե դիմակային ռեժիմը չլիներ, դժվար է ասել` կորոնավիրուսով վարակման օրական 600, թե՞ 800 նոր դեպք կգրանցվեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսօր նշեց, որ դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի աճի տեմպերի անկման մասին։

«Ճիշտ է` ունեցել ենք 800–ի հասնող դեպքեր, և վերջին օրերին ավելի քիչ են վարակման դեպքերը, սակայն, օրինակ, այսօր 612 նոր դեպք ենք ունեցել, ինչը ցածր թիվ չէ մեզ նման հզորություններ ունեցող երկրի համար։ Մեր գործողությունները պետք է շարունակվեն թվերի զսպան ուղղությամբ` միայն հզորությունները բարելավելով հարցը չի լուծելու, այլ թվերի զսպումն է հարցը լուծելը»,–ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` եթե դիմակային ռեժիմը չլիներ, դժվար է ասել` մենք օրական 600, թե՞ 800 նոր դեպք կունենայինք։ Թորոսյանը նշեց`  ասել, որ միջոցառումները ոչ էֆեկտիվ են, այնքան էլ ճիշտ չի լինի։

Փաշինյանը հանձնարարեց բացահայտել կորոնավիրուսի մասին սուտ լուրեր տարածողներին

Անդրադառնալով հիվանդների սորտավորմանը` նախարարը նշեց, որ այն իրականացվել է հենց սկզբից և հիմա էլ տրիաժի սկզբունքով են աշխատում` թեթև և միջին ծանրության հիվանդները տանն են բուժում ստանում։

Հիշեցնենք` հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:

Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 612–ով և դարձել 15 281