ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի –Sputnik. Վրաստանը Հայաստան բուժաշխատողների թիմ կուղարկի SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տիպի վարակի դեմ պայքարելու համար։ Տեղեկությունն այսօր Վրաստանի կառավարության նիստին հայտնել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան։
«Ես ամեն օր անձամբ եմ շփվում ՀՀ վարչապետի հետ, ամենօրյա շփման մեջ են նաև առողջապահության նախարարները, էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարները։ Մենք պարզել ենք, թե ինչ օգնություն է անհրաժեշտ մեր հարևանին», – ասել է Գախարիան։
Նրա խոսքով` առողջապահության նախարարին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանք տանել հարևան Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ Նախևառաջ Հայաստան բուժաշխատողներ կուղարկվեն։
«Այսպիսի խնդրանք է եղել մեր հարևանի կողմից», – նշել է Գախարիան։
Նա ընդգծել է, որ համավարակը գլոբալ ճգնաժամ է, գլոբալ մարտահրավեր, ինչպես բժշկության տեսանկյունից, այնպես էլ տնտեսական ճգնաժամի։ Ոչ մի երկիր դրա հետ միայնակ պայքարել չի կարող։
Որ ճանապարհով կգնա Վրաստանը, կամ ամենամոտիկ ծո՞վն էլ անհասանելի կդառնա հայերի համար
Հունիսի 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի բացահայտված 14 669 դեպք է գրանցվել, Վրաստանում` 828։
Նշենք, որ Վրաստանը բազմիցս հայտարարել է հարևան Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին` ինչպես բժշկության ոլորտի առաջատար գործիչների, այնպես էլ ԱԳՆ–ի մակարդակով։