ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ: Քննարկվել են բուժական և հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
«Կարևորելով երկկողմ քննարկումները՝ գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակ: Այդ առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին նմանատիպ քննարկումն իրականացնել տեսակապի ձևաչափով` երկու երկրի առողջապահության նախարարների մասնակցությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հակահամաճարակային միջոցառումների թեմայով ռազմավարական հարցերի երկկողմ քննարկումներ կազմակերպելու շուրջ, հատկապես` աշնանը համավարակի հնարավոր տարածմանը պատրաստ լինելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ համագործակցությունը, որն արտահայտվում է նախևառաջ մարտահրավերները, այդ թվում՝ համավարակը փոխօգնության ոգով հաղթահարելու հարցում:
Վրաստանաբնակ հայերը Հայաստանին արհեստական շնչառության սարքեր են նվիրաբերել
Հիշեցնենք` Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել էր, որ եթե Հայաստանին որևէ օգնություն պետք լինի, այդ թվում նաև նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման հարցում, Վրաստանը պատրաստ է օգնել։
Նա ընդգծել էր` երկու երկրները հաճախ են տարբեր դեղամիջոցներ, պատվաստանյութեր փոխանակել, երբ ունեցել են դրա կարիքը։