Սարի թաղում հարբած տղամարդը դաժան ծեծի է ենթարկել հյուր եկած ընկերոջը

Վիճաբանության ընթացքում նա բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել ընկերոջ գլխին՝ նրան պատճառելով կյանքի համար վտանգ ներկայացնող վնասվածքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Երևանի Սարի թաղում տղամարդն ալկոհոլի ազդեցության տակ դաժան ծեծի է ենթարկել իրեն հյուր գնացած ընկերոջը։ Տեղեկությունը հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Կրակոց Երևանում. Սարի թաղից հիվանդանոց են տեղափոխել քրեական աշխարհում ճանաչված երիտասարդի

Ըստ հաղորդագրության` հունիսի 6-ին՝ ժամը 05:30-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ գանգուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ ախտորոշմամբ բուժկենտրոն է ընդունվել Երևան քաղաքի 48-ամյա բնակիչ:

Քննության արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, 60-ամյա տղամարդը Երևան քաղաքի Սարի թաղի 3-րդ փողոցում գտնվող իր տանը մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 48-ամյա ընկերոջ հետ։

«Վիճաբանության ընթացքում նա բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվել դատակենսաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Երևան քաղաքի 60-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տավուշում երիտասարդների վիճաբանությունը ողբերգական ավարտ է ունեցել. տեսանյութ