«Պետք է համբերատար սպասել». Մնացականյանը` ԼՂ հարցի շուրջ բանակցությունների մասին

Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց հարցին, թե ինչ փուլում են գտնվում ԼՂ հարցի առնչությամբ բանակցությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ առարկայական աշխատանքներ կատարելու համար հայ–ադրբեջանական կողմերը սպասում են համապատասխան պայմանների ստեղծմանը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը հիշեցրեց, որ դեռ ապրիլին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ տեսակոնֆերանս է ունեցել` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

«Այժմ մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ։ Բանակցությունների առնչությամբ մեր առարկայական աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է համբերատար սպասել մինչև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կփոխվի»,–ասաց Մնացականյանը։

Նրա խոսքով` ներկայիս պայմաններում հիմնական կարևոր գերակայություն է պահպանել այն պայմանները, որոնք չեն խոչընդոտի երկու կողմի աշխատանքները։ Առաջին հերթին, ըստ Մնացականյանի, խոսքը վերաբերում է էսկալացիայի ռիսկերի բացակայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները տեսակոնֆերանս էին անցկացրել ապրիլի 21–ին: Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ տեսակոնֆերանսին։

Արմատական առաջխաղացում չկա․ Զախարովան` ղարաբաղյան բանակցությունների մասին