ՀՀ իշխանությունն օգնություն կխնդրի՞ միջազգային հանրությունից. Փաշինյանի պատասխանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարերատան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հստակեցրել է, թե որ երկրների բարեկամական ժեստերը չի մերժի Հայաստանի իշխանությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ՀՀ իշխանությունն օգնություն կխնդրի միայն ՀՀ քաղաքացիներից: Այսօր պարերատան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների այն հարցին, թե արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ իշխանությունը պատրաստվում է օգնություն խնդրել միջազգային հանրությունից: 

Արտակարգ դրությունը կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան

«Մեր ուղերձը հետևյալն է՝ սիրելի՛ հայրենակիցներ, օգնեք մեզ` օգնել ձեզ, և եկեք իրար օգնենք, որպեսզի այս խնդիրը հաղթահարենք: Դրա համար պետք է շատ պարզ բան՝ դնել դիմակ, ճիշտ դնել, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, ընդհատակյա հարսանիքներ չանել, որովհետև դրանք կարող են դառնալ ընդհատակյա ողբերգություն»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ կառավարության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ առողջապահության համակարգը պատրաստ է կրելու կորոնավիրուսի համավարակի ողջ բեռը: Այդուհանդերձ, վարչապետը չբացառեց, որ Հայաստանին աջակցություն առաջարկող երկրների թվում կան բարեկամ երկրներ:

«Եվ այստեղ մեզ համար շատ կարևոր է այդ բարեկամական ժեստերը չմերժելը, որովհետև մենք կարծում ենք, որ դժվար պահին բարեկամները հստակ ըդգծվում են, և այն երկրները, որոնք մեր նկատմամբ կանեն բարեկամական ժեստ, մենք, իհարկե, այդ երկրների աջակցությունը կընդունենք»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք` հունիսի 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 14 669 դեպք է գրանցվել։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 մարդ, կատարվել է 75389 թեստավորում, առողջացել են վարակվածներից 5466-ը։  Ընդհանուր առմամբ գրանցվել է 245 (+18) մահվան դեպք։ Կորոնավիրուսով վարակվածներից 82-ը (+5 ) մահացել են այլ պատճառներով։

Շտապօգնությունը 38–ից ցածր ջերմություն ունեցողներին հիվանդանոց չի տանում