Հայաստանը չի հրաժարվել ԱԷԿ-ի համար ռուսական վարկից․ դեսպանը բացել է փակագծերը

Երևանում ռուսական դիվանագիտության առաքելության ղեկավարը մեկնաբանել է այն խոսակցությունները, թե իբր Հայաստանի իշխանությունները հրաժարվել են ռուսական վարկից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ոչ կոռեկտ է համարում մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, թե հայկական կողմը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման համար ռուսական վարկավորումից։

Կոպիրկինը պատմել է, թե ինչպես են Հայաստանն ու ՌԴ-ն համատեղ պայքարում կորոնավիրուսի դեմ

Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2019 թ․-ի պետբյուջեի ծրագրի կատարման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը կավարտի սեփական միջոցներով։ Մոսկվայի հետ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին։

Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ դեսպանը հիշեցրեց, որ վարկի մեծ մասն (270 միլիոն դոլարից 200 միլիոնը) արդեն ծախսվել է։

«Խոսքը մնացած մասին է վերաբերում։ Ցավոք, մինչև միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը աշխատանքները չեն ավարտվել։ Պատճառների մասին չեմ խոսի. դրանք տարբեր են։ Վարկի հետաձգման հարց ծագեց։ Այդ կապակցությամբ մեր երկրների ֆինանսների նախարարությունները խորհրդակցություններ են անցկացրել և անցկացնում, և հարցը փակված չէ»,-նշեց նա։

Հայաստանը հրաժարվել է ռուսական վարկից. նախարարը հայտնել է, թե ինչ է լինելու ատոմակայանում

Նրա խոսքով՝ հայկական կողմը, ժամանակը հաշվի առնելով, որոշել է ԱԷԿ-ի աշխատանքների մի մասն իրկանացնել սեփական միջոցներով՝ այդ ժամանակը չկորցնելու համար։ Բանն այն է, որ ատոմակայանի շահագործման արտոնագիրը գործում է մինչև 2021 թվականը։ Արտոնագիրը վերականգնելու համար պետք է մի շարք լուրջ, բարձր տեխնոլոգիական աշխատանքներ կատարել, որոնք պահանջում են պայմանագրեր կնքել, սարքավորումներ մատակարարել։

«Ժամանակ չկորցնելու և այդ ժամկետում տեղավորվելու համար որոշվել է հետաձգել վարկավորման հարցը և այդ աշխատանքներն իրականացնել սեփական միջոցների ներգրավմամբ»,-ավելացրեց Կոպիրկինը։

Նա հավատացրեց, որ այստեղ ռուսական կողմը որևէ հարց չունի և հետագայում կատարվելիք աշխատանքների պարամետրերն արդեն համաձայնեցված են։

Հիշեցնենք, որ ռուսական վարկի հաշվին փոխարինվել են գործող էներգաբլոկի երկու գեներատորները, ինչպես նաև արդիականացվել է կառավարման վահանակը: Այժմ քննարկվում է ռեակտորի գմբեթի ամրապնդման, ինչպես նաև սառեցման աշտարակների վերանորոգման հնարավորությունը։

Բացի վարկային գծից, Ռուսաստանը Հայաստանին նաև 30 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել ՝ վերանորոգման աշխատանքների մրցույթների նախապատրաստման համար։

Ռուսական վարկից հրաժարվելը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ. Պապիկյան