ՀՀ–ն երբեք մի գործընկերոջ հետ քաղաքականություն չի իրականացրել մյուսի հաշվին. ԱԳ նախարար

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացվելու համատեքստում Հայաստան–Իրան հարաբերություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրերս Իրանում Հայաստանի դեսպանության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային` վստահեցրեց, որ Հայաստանը երբևէ մի գործընկերոջ հետ քաղաքականություն չի իրականացրել այլ գործընկերոջ հաշվին։

Հունիսի 9-ին մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել էին Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՀ դեսպանության շենքի դիմաց։ Նրանք բողոքում էին Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու կապակցությամբ և Երևանից պահանջում թշնամական դիրքորոշում ընդունել Թել Ավիվի նկատմամբ:

«Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, պաշտոնական երկխոսությունը շատ ակտիվ է։ Ունենք հստակ ծրագրեր` երկկողմ հարաբերությունների զարգացման բոլոր մակարդակներում, մշտական երկխոսությունը շարունակվում է»,–ասաց Մնացականյանը։

Նրա խոսքով` հայ–իրանական հարաբերությունների օրակարգը ձևավորված է, ունի բավական մեծ ծավալ։

Ինչ վերաբերում է Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացմանը, ապա Մնացականյանը նշեց, որ Հայաստանն ունի իր շահերը, որոնք պետք է հետապնդի։ Սակայն, մյուս կողմից, Հայաստանը երբեք չի իրականացնի քաղաքականություն մի գործընկերոջ հետ` մյուսի հաշվին, ինչի առնչությամբ կան օրինակներ։ Այսինքն, ըստ նախարարի, կան բազմաթիվ դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Հայաստանը քաղաքականությունը համադրում կարևոր գործընկերների հետ` հետամուտ լինելով իր շահերին։

«Պետք է համբերատար սպասել». Մնացականյանը` ԼՂ հարցի շուրջ բանակցությունների մասին

Մնացականյանը հիշեցրեց, որ Իրանի հետ հարաբերությունների առնչությամբ Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի միջև եղել է կոնկրետ զրույց երկու երկրների համագործակցության մասով։

Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում Երևանում տեղի էր ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Իսկ այս տարվա ապրիլի 28-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր Ռոհանիի հետ: Փաշինյանն ու Ռոհանին գոհունակություն էին հայտնել, որ չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առևտրատնտեսական համագործակցությունը: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը:

Հիշեցնենք նաև` Մնացականյանը 2019 թ–ի սեպտեմբերի 19-ին էր կառավարության նիստում ներկայացրել Իսրայելում Հայաստանի դեսպանություն հիմնելու որոշման նախագիծը։