Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է դառնան ինչ–որ մեկի շահերի պատանդ. Կոպիրկին

Հայաստանում ՌԴ դեսպանը նշում է` կան արժեքներ, որոնք միավորում են Հայաստանն ու Ռուսաստանը ՝ անկախ քաղաքական գործիչներից։ Այդ արժեքները պետք է պահպանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik.Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանելով մեր հարցին, հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները չպետք է դառնան ներքաղաքական պայքարի և ինչ-որ մեկի շահերի պատանդ։

Հայաստանը չի հրաժարվել ԱԷԿ-ի համար ռուսական վարկից․ դեսպանը բացել է փակագծերը

Դիվանագետից հետաքրքրվեցինք, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում այն հանգամանքին, որ որոշ հայ քաղաքական գործիչներ փորձում են իրենց գործունեության մեջ խաղարկել ռուսական գործոնը։

«Որ ռուսական թեման զգալի ծավալով առկա է ներքաղաքական բանավեճում, հասկանալի է։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, որովհետև մեր հարաբերությունների կարևորությունը, նրանց տեղը հայ և ռուս հասարակության կյանքում շատ հստակ է։ Մեզ շատ բան է միավորում», - ասաց դեսպանը։

Բայց Ռուսաստանը մեկ դիրքորոշում ունի` Հայաստանի հետ հարաբերությունները չպետք է դառնան ներքաղաքական պայքարի և ինչ-որ մեկի շահերի պատանդ։

«Մենք ունենք այն, ինչ միավորում է մեր ժողովուրդներին՝ անկախ անձերից։ Եվ սա այն է, ինչ մենք պետք է պահպանենք։ Ես համարում եմ, որ իմ խնդիրն այդ է», - նշեց Կոպիրկինը։

Նա հավելեց, որ հայկական ղեկավարության դիրքորոշումը նույնպես արտացոլում է այդ մոտեցումը։