«Եկել է կողմնորոշվելու ժամանակը` մեր երեխայի հարսանիքը, թե մեր ծնողի կյանքը...». Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարը կարծում է, որ հիմա այն պահն է, երբ մարդիկ պետք է կարողանան ճիշտ ընտրություն անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համոզված է, որ եկել է կողմնորոշվելու ժամանակը։ Նա գրառում է արել Facebook-ում։

«Չէի ուզենա վարակիչ հիվանդության դեմ պայքարը այս տրամաբանության մեջ ներկայացնել, բայց մենք բոլորս ի վերջո պետք է ընտրենք, թե այս շրջափուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր և թանկ։ Մեր սեփական երեխայի հարսանիքը, թե մեր սեփական ծնողի կյանքը...Մեր ընկերոջ երեխայի կնունքի խնջույքին մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը...Մեր գործընկերոջ ծննդյան արարողությանը մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը... Մեր երեխաներին մանկական սրճարան տանելը նրանց ընկերների ծննդյան ցերեկույթին, թե հենց նրանց առողջությունը... Եկել է կողմնորոշվելու ժամանակը...»,– գրել է նա։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 14669–ի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն պետք է ավարտվեր հունիսի 13–ին։ 

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Հավաքույթները շարունակում են վարակի նոր բռնկումների պատճառ դառնալ. Սուրեն Պապիկյան