ՀՀ ոստիկանությունը հստակեցրել է, թե ինչպիսին պետք է լինի ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող բջջային հավելվածը: Դրանով ցանկացած քաղաքացի կարող է տեսանկարահանել կամ լուսանկարել իր արձանագրած խախտումն ու ուղարկել ոստիկաններին: Նոր հավելվածի տեխնիկական նկարագիրն ու հնարավոր սահմանափակումների մասին կառավարության որոշման նախագիծն արդեն ներկայացվել են հանրային քննարկման:
Տիգրան Քեյանի դիտարկմամբ` տվյալ նախագծով իշխանությունը փորձում է հանրությանը ներգրավել երթևեկության կարգավորման գործում, հետևաբար այսուհետ նաև շարքային քաղաքացիների միջոցով հնարավոր կլինի իրականացնել հանրային վերահսկողություն, և մի շարք խախտումներ կարող են իսպառ վերանալ։
«Վարորդներն իմանալով, որ ոստիկաններն իրենց կարող են խախտման համար տուգանել նաև քաղաքացիների նկարահանումների արդյունքում, ավելի զգույշ և զգոն կլինեն, կպահպանեն երթևեկության կանոնները»,– նշում է Քեյանը։
Նրա փոխանցմամբ` այդուհանդերձ ոչ բոլոր խախտումներն են այդ առումով ամրագրված, խոսքը վերաբերում միայն առավել լուրջ խախտումներին, որոնք առնչվում են, օրինակ, հանդիպակաց երթևեկությանը, չթույլատրված ազդանշաններին, հետիոտների անցումներին, կայանմանը։ Ըստ այդմ` որոշվել է, որ նման խախտումներն արձանագրելու նպատակով կարելի է օգտվել հանրության ներգրավվածության հանգամանքից։ Ընդ որում` բջջային հավելվածն արձանագրելու է խախտումների տեղն ու ժամանակը։
«Այս նախագծի նպատակը նաև այն է, որպեսզի նվազեցվեն ռիսկերն ու ոստիկանության կողմից իրացվող այլ վարչարարությունները։ Բացի դրանից, կա ևս մեկ սահմանափակում, ըստ որի բջջային հավելվածի ծրագիրը կունենա արգելափակման հնարավորություն ու կարգելափակի այն օգտատերերին, որոնք ամիսը 3 կամ տարին 30 անգամ կուղարկեն նույն ավտոմեքենայի նկարահանումները»,– նշում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։
Տուգանքների քանակն ավելանում է, բայց երթևեկության արդյունավետության արդյունքը զրո է. Քեյան
Անդրադառնալով այն հարցին, թե նախագիծը որքանով է հասցեական և որքանով արդիական կդառնա իրագործման պահին, Քեյանն ընդգծում է, որ նախագծը նախապես քննարկվում էր այն ժամանակ, երբ ճանապարհային ոստիկանությունն իր բարձրության վրա չէր, և երթևեկությունն էլ գտնվում էր բարձիթողի վիճակում։ Բայց այդ ժամանակ արդեն կար ֆեյսբուքյան հարթակը, որտեղ օգտատերերը տեղադրում էին խախտումների տեսանյութերը, որոնց հիման վրա էլ ճանապարհային ոտիկանությունն իրականացնում էր համապատասխան վարչարարություն, և հիմա փորձ է արվում այդ գործընթացին տալ օրենսդրական ամրագրում։
Տիգրան Քեյանի տեղեկացմամբ` նույն գործառույթներով օժտված է նաև ծածուկ ծառայությունը, որն օգնում է հսկողություն իրականացնող ոստիկաններին և հագեցած է համապատասխան տեխնիկական միջոցներով։ Այդուհանդերձ նա համոզված է, որ խախտումներն արձանագրող բջջային հավելվածի ու ծածուկ ծառայության պարագայում ՃՈ–ն արդեն կարող է լուծարվել։