Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի վրա, անշեղորեն ամրապնդվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է դառնան ինչ–որ մեկի շահերի պատանդ. Կոպիրկին

«Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առիթով: Այս նշանակալի օրը շրջադարձային կետ է երկրի պատմության մեջ: Այն սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքացիների բարեկեցության աճին ուղղված խորքային վերափոխումների հետ: Գոհունակությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի վրա, անշեղորեն ամրապնդվում են և ընդգրկում մեր համագործակցության ամբողջ սպեկտրը քաղաքական, տնտեսական, ռազմական և հումանիտար ոլորտներում։ Այդ ռազմավարական համագործակցության հիմքը եղել է և հետագայում էլ միշտ պետք է լինի մեր երկրների և ժողովուրդների միջև վստահության բարձր մակարդակը»,– նշել է նախագահը:

Ըստ Սարգսյանի` այսօր կարևոր նշանակություն է ստանում մեր կապերի խորացումը տարածաշրջանային տնտեսական ծրագրերում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և նորարարությունների, պարենային անվտանգության ոլորտներում, ինչպես նաև մշակութային, հումանիտար և կրթական ծրագրերի ընդլայնումը:

ՀՀ նախագահը Պուտինին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն և բարօրություն: Նա անկեղծորեն համոզված է, որ Ռուսաստանը հաջողությամբ կհաղթահարի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով առաջացած դժվարությունները և վստահորեն կշարունակի շարժվել զարգացման և առաջընթացի ուղով։