ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ Անդրանիկ Գևորգյանը թաքցրել և խեղաթյուրել է որդու` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը:
ՀՔԾ-ն պարզել է, որ 2008 թվականի գարնանն Արմեն Գևորգյանն իր մտերիմ անձի օժանդակությամբ ստացել է վերը նշված առանձնապես խոշոր չափերի կաշառքը։ Ապա դրա իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու համար այդ գումարից փոխանցումներ է ապահովել տարբեր իրավաբանական անձանց անուններով, նաև իրեն փաստացի պատկանող, արտերկրում գործունեություն ծավալող կազմակերպության բանկային հաշվին:
«Այնուհետև նշված կազմակերպության գործադիր տնօրեն Անդրանիկ Գևորգյանը, օժանդակելով որդու կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն, տնօրինել է հիշյալ գումարը և այն ներդրել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ այդ կերպ խեղաթյուրելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված կաշառքի իրական բնույթն ու ծագումը»,- նշված է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ։
Այսպիսով, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել նաև Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում։
Շատ բան ունեմ պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ. Արմեն Գևորգյան