Անհատ սպառողների համար գազի գինը Հայաստանում չի թանկանա. փոխվարչապետ

Խոշոր սպառողների համար գազի սակագնի թանկացման հավանականություն կա, Մհեր Գրիգորյանի խոսքով` անգամ այն դեպքում, եթե գազի գինը սահմանին չթանկանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա: Այսօր ԱԺ-ում րագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է նախկինում հնչեցրած իր հայտարարությունը:

«Ես հիմա էլ եմ ասում, որ անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա։ Առնվազն այս պահին: Դրա համար կա բավարար գործիքակազմ և բավարար ռեսուրսներ, և այն հաշվարկներն ու հրապարակումները, որ ես տեսել ու լսել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, վկայում են, որ անհատ սպառողների՝ ֆիզիկական բաժանորդների մասով գնի փոփոխություն չի լինի: Այո, ես դա հիմա էլ եմ ասում»,- ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է խոշոր սպառողներին, փոխվարչապետը նշեց, որ թանկացման հավանականություն կա, անգամ այն դեպքում, եթե գազի գինը սահմանին չթանկանա:

2020 թվականին աշխարհում բնական գազի պահանջարկի ռեկորդային նվազում է սպասվում

Գրիգորյանն անդրադարձավ նաև ռուսական գազի գնին` նշելով, որ սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են ու լինելու են նաև շարունակական, քանի որ սահմանին գազի գնի շուրջ միասնական մեխանիզմներ չկան:

Նիկոլ Փաշինյանը խոսեց գազի գնի ու «Գազպրոմի» մղումների մասին

«Դա է պատճառը, որ մենք այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմի համոզմամբ` գազի գնի ձևավորման ալգորիթմի ուրջ բանակցությունների ամենաարդյունավետ հարթակը հենց ԵԱՏՄ–ն է:

Ինչո՞ւ գազի միասնական գին չի սահմանվում. Պուտինը պատասխանեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին

Հիշեցնենք` ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով։

Հունիսի 8-ին ՀԾԿՀ նախագահը հայտնեց, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է գազի միջին գինը սահմանել 283 դոլար, իսկ այսօրվա գործող սակագինը 255 դոլար է։ ՀԾԿՀ–ն, ըստ Բաղրամյանի, առաջարկել է 266.7 դոլար գումար, ընդ որում` այդ գումարն այնպես պետք է բաշխվի, որ բնակչության սոցիալապես անապահով սպառողների համար գների փոփոխություն չլինի։

Նա հայտնեց նաև, որ գազի գինը, ըստ իրենց առաջարկի, կավելանա ջերմոցների և վերամշակման գործարանների, ինչպես նաև 10 000 խորանարդից ավել սպառում ունեցողների համար։

ՀՀ իշխանությունները պետք է գազի սակագների լծակներն իրենց ձեռքը վերցնեն. փորձագետ