ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների քննության նկատմամբ դատախազական հսկողության և դատարանում մեղադրանքի պաշտպանության արդյունավետության բարձրացման համար ՀՀ գլխավոր դատախազության երկու դատախազ մասնագիտացվել է այս ոլորտում: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում դեռ համապատասխան իրավական պրակտիկա չկա, ուսումնասիրվել է հետխորհրդային երկրների, մասնավորապես հարևան Վրաստանի փորձը, քանի որ Վրաստանի Հանրապետությունը հետխորհրդային պետություններից առաջինն է, որ քրեականացրեց քրեական ենթամշակույթին առնչվող արարքները:
«Այդ նպատակով հարևան պետության հետ արդյունավետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ղեկավարած պատվիրակության՝ ոլորտում մասնագիտացած դատախազների, իրավապահ մյուս կառույցների աշխատակցիների ներգրավվածությամբ այցը Վրաստանի Հանրապետություն, որտեղ, Վրաստանին առնչվող գործով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների լույսի ներքո վրաց գործընկերների հետ համատեղ քննարկումներում հնարավորինս դետալային ուսումնասիրվել են հանցագործության այդ դեպքերով իրականացված քննություններին, դատախազական հսկողությանը, մեղադրանքի պաշտպանությանն առնչվող պրակտիկ խնդիրները, իրավակիրառական գործիքակազմերը»,- գրել է Աբրահամյանը։
Դեդ Հասանից մինչև օրինական դատական համակարգ. ինչպես խուսափել տարիներ ձգվող քաշքշուկներից
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը փետրվարի 18-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:
ՀՀ քրեական օրենսգրքում ու Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը ԱԺ–ն սկսեց քննարկել 2019թ–ի նոյեմբերի 19-ին։ Քննարկումներն ընթացան բավական լարված ու փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում։
Կառավարությունն այն հաստատել էր դեռ օգոստոսի 29-ին։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացրած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել էր, որ օրենքով քրեական պատասխանատվություն է նախատեսված քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։ Իսկ խմբավորման այն անդամը, որն իրավապահներին կհայտնի նման խմբավորման գոյության մասին՝ կազատվի պատժից կամ կարժանանա մեղմ պատժի։
Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ինչ–ինչ հարցերով դիմողների համար։
«Օրենքով գողերի» դեմ պայքարը նոր չէ, կամ կանոններ` հազարավոր կալանավորների կյանքի գնով