«Բռնակալ ամուսինն արգելո՞ւմ է». երգչուհի Անիվարը խոսել է կարիերան ավարտելու մասին

Երկրպագուներից ոմանք ենթադրել են, որ երգչուհու որոշումը կապված է ընտանեկան հանգամանքների, մասնավորապես, Անիի ամուսնու հետ։ Սակայն աղջիկն այդ հարցին անսպասելի պատասխան է տվել...
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսաստանցի հայտնի երգչուհի և բլոգեր Անի Վարդանյանը, որը հանդես է գալիս Անիվար կեղծանունով, հայտարարել է, որ ուզում է հանգստանալ։

Աղջիկն Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «...Շատերը հարցնում են, թե ուր եմ կորել։ Թանկագիններս, ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Պարզապես... չգիտեմ ինչից սկսեմ։ Որոշել եմ թողնել կարիերաս, երկար եմ մտածել... Ինչ–որ պահի իմ հայտնի դառնալը փոխեց ինձ ներքուստ, ես դարձա ավելի բռնկվող և նյարդային։ Ինձ պարզապես հանգիստ է պետք»։

Փոփ երգչուհու խոսքով` իրեն ժամանակ է պետք, որ գլուխ հանի սեփական անձից։ Միևնույն ժամանակ Անին չի բացառել,  որ մի օր կվերադառնա։

«Անկեղծ՝ չգիտեմ, ինչ է լինելու։ Պարզապես ինձ ժամանակ է պետք։ Ես անչափ սիրում եմ ձեզ։ Հույս ունեմ, որ կհասկանաք ինձ», –եզրափակել է 24-ամյա երգչուհին։

Աղջկա երկրպագուները թեև ըմբռնումով են մոտեցել նրա որոշմանը, բայց չեն թաքցրել իրենց տխրությունը. «Ափսոս։ Պաշտում եմ Ձեզ և Ձեր երգերը։ Հուսով եմ` կվերադառնաք և մեզ կրկին կուրախացնեք Ձեր արվեստով...», «վերադարձե՛ք», «ոչ, իսկապես ափսոս է», «այնքան լավն ես դու, շատ եմ սիրում երգերդ, մի՛ թող, ամեն ինչ կկարգավորվի և հիանալի կլինի»,- գրել են նրանք։

Իսկ բաժանորդներից ոմանք ենթադրել են, որ Անիի որոշումը կարող է կապված լինել ընտանեկան հանգամանքների հետ. «Հավանաբար, ամուսինն է դեմ։ Արևելյան ընտանիքներում կինն ընդհանրապես երեխաների հետ տանն է նստում։ Ափսոս, իհարկե։ Ձեր երգերն ու ձայնը սիրում են»։

Սակայն երգչուհին բաժանորդներին հավասիացրել է, որ ամուսինն իր որոշման հետ որևէ կապ չունի և նշել, որ միայն կողմ է իր կարիերային և աջակցում է իրեն:

Անի Վարդանյանի կատարմամբ հնչել են «Աստղն է ընկնում», «Հոգու դատարկություն», «Էլ չեմ սիրում», «Իմ դրախտն ես», «Կառևանգեմ» երգերը։  Առաջին քայլերը դեպի մեծ բեմ նա արել է դեռևս 2014 թվականին. աղջիկը Вконтакте–ի իր էջում սկսել էր տեղադրել հայտնի կատարողների երգերի քավեր–տարբերակները (Տիմատի, Եգոր Կրիդ, Պոլինա Գագարինա, L'One, Բումբոքս, Jah Khalib), որոնք արժանացել են ոչ միայն նրա ընկերների, այլև անծանոթ օգտատերերի հավանությանը։

2017 թվականի հոկտեմբերին Անին ամուսնացել է Կարեն անունով մի երիտասարդի հետ։ Մեկ տարի անց զույգը տղա է ունեցել, որին անվանել են Իվան։