Երևանում ևս 2 մանկապարտեզի գործունեություն է կասեցվել․ տեսանյութ

Իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ այլ կանոնների պահպանման մի շարք խախտումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ պարետի որոշմամբ 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը: Հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։

«Նշված մանկապարտեզներում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել էին պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ այլ կանոնների պահպանման մի շարք խախտումներ։ Մասնավորապես մանկապարտեզներից մեկը ապահովված չի եղել հոսող տաք ջրով, մյուսում` խմբասենյակներից մի մասն է ապահովված տաք ջրով,աղբամանները փակվող կափարիչով չեն եղել, չեն պահպանվել սպասքի լվացման կանոնները, անկողնային սպիտակեղենի լվացման ոչ բավարար պայմաններ են արձանագրվել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ճշմարտությունը մանուկների շուրթերով. ինչ են պատմում Երևանի մանկապարտեզների փոքրիկները

Ավելի վաղ ՀՀ պարետի որոշմամբ` 24 ժամով կասեցվել էր Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի գործունեությունը,7 օրով՝ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի գործունեությունը:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 20–ից Երևանում գործում են նաև մանկապարտեզները, բայց կիրառվում են որոշակի սահմանափակումներ։