ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրենը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին

Զրույցն ընդգրել է կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ՝ մարդկանց վարքագծային փոփոխությունների կարգավորումից մինչև նեղ մասնագիտական հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ։ Տեղեկությունը հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից։

Տեսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ աշխատանքները, ինչպես նաև վերջին ամիսներին օրակարգային հարց դարձած կորոնավիրուսային վարակի դեմ փոխգործակցության հնարավորությունները։

«Աչքիդ առաջ հիվանդը սկսում է շնչահեղձ լինել»․ մանրամասներ կորոնավիրուսի բուժման ընթացքից

Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով իրավիճակը Հայաստանում, կատարված ու ընթացիկ քայլերը, ինպես նաև տեղեկացրել է նախատեսվող աշխատանքների մասին։

«ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն կրկին պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցելու մեր երկրում գործադրվող ջանքերին, ինչը թույլ կտա հաղթահարելու համավարակի հետ կապված բոլոր խնդիրները»,-նշված է հաղորդագրության մեջ։։

Նշենք, որ ԱՀԿ-ն առողջապահության բնագավառում միջազգային գործընկեր է, ինչպես նաև մասնագիտական ու հրատապ բնույթի տեղեկությունների, խորհրդատվության և հանձնարարականների փոխանակման համաշխարհային հիմնական հարթակ։

Լիտվացի բժիշկները հայ գործընկերներին կօգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում

Հիշեցնենք՝ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14 103։ Նախորդ մեկ օրում 428 նոր դեպք է գրանցվել։ Բուժվածների թիվը 5226 է, բուժում ստացողներինը՝ 8573։ Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում։