Սևանում խեցգետնի որսն այս տարի կարգելվի. պաշարները վտանգված են

Խեցգետնի որսը կարգելվի, սիգինը կթույլատրվի: Կառավարության տվյալներով` սիգի արդյունագործական պաշարները թույլ տալիս են արտոնել որսը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Շրջակա միջավայրի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ Սևանա լճում այս տարի խեցգետի որսն արգելված է: Փոխարենը, նրա խոսքով, կարելի է մինչև 200 տոննա սիգ որսալ:

«Այսինքն՝ օրինական խեցգետնի որս չի թույլատրվում, և մենք չենք տալու թույլտվություն»,- ասաց Ջիլավյանը:

Սիգի որսի 200 և խեցգետնի որսի 0 տոննա թույլատրելու որոշումը կայացվել է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կատարած հետազոտությունների հիման վրա:

Ինչո՞ւ է Սևանն այս տարի ավելի շուտ սկսել կանաչել. մասնագետը` լճի խնդիրների մասին

Թե որքան են Սևանում սիգի ու խեցգետնի պաշարները, նախարարի պաշտոնակատարը չհիշեց:

ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը մարտին ասել էր, որ սիգի արդյունագործական պաշարները Սևանում 2019թ-ին գնահատվել է 750 տոննա, այս տարի` շուրջ 700։ Բայց սիգի ընդհանուր պաշարը, նախկին նախարարի տվյալներով, շուրջ 3000 տոննա է: Մինչդեռ խեցգետնի սխալ որսի հետևանքով այդ կենդանատեսակի գոյությունն այսօր Սևանում վտանգված է:

Սևանը պետք է փրկել, քանի դեռ ուշ չէ. խնայողության դաս Միչիգանում ապրող հայից