ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսի պատվաստանյութ դեռ չի գտնվել ու չի բացառվում, որ չգտնվի: Դրանից միակ պաշտպանությունն այս պահին դրա տարածումը կանխելն է:
Այս մասին այսօր պարետատան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ներկա պայմաններում այլ բան չի մնում, քան սովորել ապրել կորոնավիրուսի հետ:
«Եթե նույնիսկ մենք այսօր ունենանք կորոնավիրուսի 0 ամենօրյա դեպք, այն պայմաններում, երբ աշխարհում կորոնավիրուսը կա, երբ որ մենք բացենք սահմանները, կորոնավիրուսը ներթափանցելու է, և այդ ժամանակ մենք կարող ենք լինել ավելի անպաշտպան»,- ասաց վարչապետը:
Մինչդեռ, իրավիճակն ամբողջությամբ կառավարելի պահելու դեպքում, ըստ վարչապետի, մենք ամբողջությամբ պատրաստ կլինենք կորոնավիրուսի վարակի աշնանային հնարավոր բռնկումներին, ձմեռային ու հաջորդ տարվա գարնանային հնարավոր բռնկումներին:
«Ու եթե մենք ճիշտ ռազմավարություն ունենանք, գուցե աշնանը, կամ ձմռանը կունանանք որոշակի իմունիտետային պարիսպ, որը մեր հանրապետությունը կդարձնի վարակի նկատմամբ ավելի պաշտպանված»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն իր խոսքում շեշտեց, որ կորոնավիրուսն աշխարհում ու Հայաստանում մնալու է առնվազն մինչև 2021թ-ի գորուն, ուստի դրանից պաշտպանվելու միջոցները մնում են դիմակը, ձեռքերն ախտահանելն ու անվտանգության կանոնները պահպանելը:
Ում դիմել, եթե կասկածում եք, որ կորոնավիրուսով եք վարակվել
Հիշեցնենք՝ հունիսի 10-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14103-ի։ Նախորդ մեկ օրում 428 նոր դեպք է գրանցվել։ Բուժվածների թիվը 5226 է, բուժում ստացողներինը՝ 8573։ Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում։