ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը, որը զբաղվում է կորոնավիրուսով վարակված ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժմամբ, պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց, որ կորոնավիրուսն անկանխատեսելի հիվանդություն է համարում, որի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն այս պահին կանխարգելիչ գործողություններն են։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն այն խոշոր բուժհաստատությունն է, որը առավել քան 2 ամիս ընդգրկված է կորոնավիրուսով վարակված հիվանդների ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի բուժման գործընթացում։
«Ցավոք, վերջին շրջանում ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի միտում նկատվեց, և մեր հիվանդանոցն ավելի ծանրաբեռնված է աշխատում։ Պատկերացրեք` հիվանդն ընդունվում է հիվանդանոց որոշակի ցուցանիշներով, որոնք բնորոշ չեն առավել ծանր դեպքի, և կարճ ժամանակ անց ի հայտ են գալիս այնպիսի կլինիկական ախտանիշներ, ինչպիսիք են շնչահեղձությունը, տագնապի զգացողությունը, օդի պակասը։ Այդ գերլարվածությունը բերում է մի այնպիսի իրավիճակի, որը որոշակի առումով դառնում է անկառավարելի։ Բառիս բուն իմաստով` աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել։ Իհարկե մեզ օգնության են հասնում տարբեր տեսակի շնչառական ապարատները, որոնցով մեր կլինիկան ամբողջովին հագեցած է։ Ցավոք, կորոնավիրուսն ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով, որոնց բարդությունները ևս անկանխատեսելի են։ Չենք կարողանում կանխագուշակել հիվանդության ընթացքը»,-ասաց Մանուկյանը։
Փաշինյանն ասաց` ինչպես պետք է հանրապետությունը դարձնել վարակի նկատմամբ ավելի պաշտպանված
Նրա խոսքով` վարակվածների մեծ մասը, որոնք ծանր են տանում հիվանդությունը, ունեն նաև ուղեկցվող հիվանդություններ, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, ճարպակալումը, սրտի փականային համակարգի հիվանդությունները, որոնք առավելագույնս բարդացնում են հիվանդության ընթացքը։
Բժիշկը վստահեցրեց, որ Հայաստանում հիվանդները ստանում են այնպիսի բուժօգնություն, որն այսօր կիրառվում է ողջ աշխարհում։
«Ես` որպես ռազմական բժիշկ, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը համարում եմ պատերազմ, որում հաղթելու միակ տարբերակը իրավիճակին սթափ գնահատական տալն է և խստագույնս հետևելը պարետատան ցուցումներին։ Քանի դեռ չկա կորոնավիրուսի դեմ վակցինացիա, պայքարի միակ միջոցը կանխարգելիչ գործողություններն են»,-ասաց բժիշկը։
Հիշեցնենք՝ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14 103։ Նախորդ մեկ օրում 428 նոր դեպք է գրանցվել։ Բուժվածների թիվը 5226 է, բուժում ստացողներինը՝ 8573։ Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում։
Կալինինգրադում COVID-19-ից մահացել է մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը