ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. ԱՄՆ–ում հայերի բիզնեսները շարունակում են տուժել Black lives matter (Սևերի կյանքերը կարևոր են) շարժման ցուցարարների հարձակումների հետևանքով։ The Armenian Mirror Spectator պարբերականի փոխանցմամբ՝ Բոստոնում տուժել են Չարլզ Թալանյանին պատկանող ռիելթորական ընկերությունն ու վարձակալված տարածքները, Կարոլինա Ռաֆաելյանի Alex and Ani ոսկերչական իրերի խանութը, Ալան Բիլզերյանի էլիտար հագուստի խանութը։
The Armenian Mirror Spectator-ին տված հարցազրույցում Չարլզ Թալանյանն ասել է, որ մայիսի 31-ն Բոստոնի փողոցներում մեկ ժամ շարունակ ոստիկանություն չի եղել։ Այդ մեկ ժամվա ընթացքում ցուցարարները մեծ վնաս են տվել ձեռնարկություններին։
«Կարծես ծրագրված կողոպուտ լիներ։ Խմբերը հատուկ սարքերով կոտրում էին ձեռնարկությունների պատուհանները, հետո ներս էին մտնում, կողոպտում էին, իսկ դրսում նրանց մեքենա էր սպասում՝ գողոնի հետ իրենց տանելու համար», - ասել է Թալանյանը։
Թալանյանի ընկերությունը մի շարք տարածքներ է վարձակալության տալիս։ Վարձակալողներն այդ տարածքներում փոքր բիզնես են զարգացնում։ Առանց այդ էլ համավարակի պատճառով վատ վիճակում էին նրանք հայտնվել, հիմա էլ ստիպված են լինելու փոխհատուցել վնասը։
«Դեռ վաղ է իմ սեփականությանը հասցված վնասը հաշվելու համար։ Վարձակալողները ստիպված են լինելու վերականգնել կոտրած ապակիները։ Սակայն ցուցարարները վնասել են ոչ միայն գործող խանութները, այլև դատարկ տարածքները։ Օրինակ` քանդել են դատարկ տարածքը, որտեղ պետք է Dunkin’ Donuts-ի համար սրճարան բացեինք», - ասել է Թալանյանը։
Ամերիկան իր հերոսների դեմ է ելել. ինչո՞ւ են ուզում ազատվել ոստիկանությունից
Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է հայերին, որոնք տուժել են ռասիզմի դեմ պայքարի հետ ոչ մի կապ չունեցող անկարգությունների վերաճած բողոքի ակցիաներից։ Լոս Անջելեսում անկարգությունների ֆոնին քանդել ու թալանել են Ալան Կոկոզյանի կոշիկի խանութը, Չիկագոյում թալանել են Քորի Նահապետյանի «Բրինդիլ» ռեստորանը, քանդել են Արսեն Ավագյանի «Ագորտի» խանութը։
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին ոսկեզօծ դագաղով են հողին հանձնել. տեսանյութ
Մեկուկես շաբաթվա ցույցերի ընթացքում 11 մարդ է սպանվել, 1400 մարդ ձերբակալվել է, տուժածներ թիվը հայտնի չէ։ Ավելի վաղ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հայտնել էր, որ անկարգությունների ընթացքում տուժած հայերը շատ չեն, ոչ մեկին անդառնալի վնաս չի հասցվել։