Համաշխարհային բանկը մեկ տարով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի 1.7% տոկոսադրույքը

Միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին` հաղթահարելու համավարակի հետևանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Համաշխարհային բանկը 1 տարով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% դրույքաչափով տոկոսադրույքը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Հայաստանի տնտեսության 1,7% անկում. Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումը

«Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման Միջազգային Ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է և չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Համաշխարհային Բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով` հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք` Հայաստանի պարտքը ՀԲ–ին կազմում է 1.8 մլրդ դոլար, որի 600 մլն–ի չափով չօգտագործված գումարն է` ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասով։

Համաշխարհային բանկը պատրաստ չէ վերանայել իր զեկույցը. Հայաստանի դիրքը բարելավել չստացվեց