ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի –Sputnik. ԱՄՆ–ում շքեղ թաղում են կազմակերպել Մինեապոլիսում ձերբակալության ժամանակ մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի համար։
Աֆրոամերիկացուն, որի մահը զանգվածային անկարգություններ է հրահրել ԱՄՆ–ի տարբեր քաղաքներում, ճանապարհ են դրել հերոսի նման` երկու սպիտակ ձիերով լծած սպիտակ կառքով։
Հուղարկավորության արարողությանը ներկա հազարավոր մարդիկ ոսկեզօծ դագաղը գերեզմանատուն ուղեկցելու ընթացքում վանկարկել են աֆրոամերիկացու անունը։
Փակ միջոցառմանը ներկա են եղել միայն Ֆլոյդի հարազատներն ու ընկերները։
Հիշեցնենք, որ Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաներ ու անկարգություններ սկսվեցին Մինեապոլիսում (ԱՄՆ)։ Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթա հագցրել Ֆլոյդին, գետնին գցել և երեքով հարձակվել նրա վրա, իսկ նրանցից մեկը ծնկով սեղմում է աֆրոամերիկացու կոկորդը։ Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, բայց ոստիկաններն անտեսում են նրա ասածը։
Ֆլոյդի սպանությունը․ դատարանը ոստիկան Դերեկ Շովինի համար $1,25 միլիոն գրավ է սահմանել
Ֆլոյդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Անկարգությունների հետևանքով չորս ոստիկանի հեռացրել են աշխատանքից, իսկ նրանցից մեկը մեղադրվում է անզգուշությամբ սպանություն կատարելու մեջ։ Նրան սպառնում է մինչև 40 տարվա ազատազրկում։