Մեկ օրում 1800 քաղաքացի տուգանվել է դիմակ չկրելու համար. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում շարունակում են խնդրահարույց մնալ բազմամարդ միջոցառումները, հատկապես հուղարկավորությունները, հոգեհանգստի արարողություններն ու ընդհատակյա հարսանիքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները կայունացման նախանշաններ կան, բայց դեռ վաղ է արձանագրել, որ կայունացում ունենք: Այս մասին այսօր պարետատան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կորոնավիրուսն արագ է տարածվում Տանձուտում ու Փարաքարում. Արմավիրի մարզպետ

«Այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար, և, ըստ էության, մենք մեր հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կայունացման միակ ուղին սահմանված անվտանգության կանոնների պահպանումն է, ինչը, սակայն, ըստ վարչապետի, ցանկալի մակարդակ չէ:

Փաշինյանը հայտնեց, որ միայն այսօրվա ընթացքում մինչև 15:00-ն ՀՀ ոստիկանությունը 1800 քաղաքացու տուգանել է դիմակ չկրելու համար:

Խնդրահարույց են նաև բազմամարդ միջոցառումները, հատկապես հուղարկավորություններն ու հոգեհանգստի արարողությունները:

Լիտվացի բժիշկները հայ գործընկերներին կօգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում

«Շարունակում են խնդիր մնալ նաև ընդհատակյա հարսանիքները: Մենք, իհարկե, երջանկություն ենք մաղթում մեր երիտասարդներին, բայց ուզում եմ հիշեցնել, որ եղել են դեպքեր, երբ երիտասարդների երջանկությունը խաթարվել է հարսանիքի ժամանակ վարակի տարածման պատճառով: Մենք նաև ունենք դեպքեր, երբ հարազատների շրջանում մահվան դեպքեր են գրանցվել»,- ավելացրեց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 10-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14103-ի։ Նախորդ մեկ օրում 428 նոր դեպք է գրանցվել։ Բուժվածների թիվը 5226 է, բուժում ստացողներինը՝ 8573։ Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում։

Պապիկյանի երկու տեղակալները վարակվել են կորոնավիրուսով