Հայաստանը պետք է կողմնորոշվի ընկերների հարցում․ ՄԱԿ-ում Իրանի մասով «մեծ կռիվ» է սպասվում

Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց իրանցի ուսանողների ցույցն, իհարկե, դեռ աղետ չէ։ Սակայն դա լուրջ ահազանգ է, որին Հայաստանի ղեկավարությունն ու արտգործնախարարությունը պարզապես պարտավոր են ուշադրություն դարձնել։
Sputnik

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց այրել են Իսրայելի դրոշը։ Ցույցի մասնակիցները վանկարկել են «Մա՛հ Իսրայելին, մա՛հ Միացյալ Նահանգներին, մա՛հ Մեծ Բրիտանիային»։

Հայտարարություն է ընթերցվել, որում դատապարտվել է Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումը, քանի որ «տարածաշրջանում սիոնական ռեժիմի ազդեցությունն ուժեղացնող ցանկացած քայլ» թշնամական ակտ է համարվում։

Հայաստանը նույնպես պետք է պատրաստ լինի լուրջ կռվի

Սկսենք վերջից` նրանից, որ կորոնավիրուսի համավարակի ու համաշխարհային տնտեսական խոր ճգնաժամի ֆոնին ինչպես քաղաքական ասպարեզում, այնպես էլ աշխարհաքաղաքական իրողության մեջ ճակատագրական փոփոխություններ են կանխատեսվում։ Ամիսներ շարունակ բոլոր փորձագետները, վերլուծաբանները, դիվանագետներն ու քաղաքական գործիչներն անխտիր, համամիտ են մի հարցում. աշխարհն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին համավարակից առաջ էր։

ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին կոչ է արել «կորչել Մերձավոր Արևելքից»

Յուրաքանչյուր երկիր յուրովի է պատրաստվում այդ փոփոխություններին ու փորձում ամբողջովին «զինված» մտնել նոր իրականություն։ Գերտերությունները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն անում են հնարավոր ամեն բան, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա ազդեցության նոր բաշխման շրջանից առաջ իրենց համար հնարավորինս հարմարավետ մեկնարկ ապահովեն։ Տարածաշրջանային խոշոր երկրները նույնպես այդ առումով հետ չեն մնում։

Որպես օրինակ կարելի է դիտարկել Թուրքիան, որը սկսել է կտրուկ ակտիվություն ցուցաբերել նոր պայմաններով «աշխարհը կիսելուց» առաջ։ Թուրքիան կոշտ պատասխաններ է տալիս ոչ միայն հարևաններին՝ Իրաքին, Սիրիային ու նույնիսկ Հունաստանին, այլև եվրոպական տերություններին՝ Ֆրանսիային, Իտալիային․․․

Հայկական կողմը կարող է համարժեք պատասխան տալ. Մնացականյանը` Ադրբեջանի զենքի մասին

Նույն կերպ է վարվում Իրանը, որը լուծում է գաղափարական հակառակորդների՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի ագրեսիվ քաղաքականության հետ կապված իր խնդիրները։

Ընդհանուր առմամբ` ամեն ինչ աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների կոնտեքստում է։ Արևի տակ հարմար տեղ ապահովելու համար պետք է լուրջ կռվի պատրաստ լինել։ Միամտություն կլինի ենթադրելը, որ Հայաստանը կխուսափի այս ամենի հետևանքներից։

Երբ քո բոլոր տարածաշրջանային հարևանները «խաղի» մեջ են, անմասն մնալ չի ստացվի։ Այդ պատճառով էլ պետք է հանգամանորեն պատրաստվել, հաշվարկել բոլոր կապերը, դիտարկել իրադարձությունների զարգացման հնարավոր բոլոր տարբերակները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մասշտաբով։ Պետք է հասկանալ, որ տարածաշրջանային միակ հարևանը, որին կարելի է վստահել (թեպետ՝ ստուգելով), Իրանն է։

Ներկայիս իրավիճակում ոչ մի կերպ չի կարելի փչացնել հարաբերություններն այդ երկրի հետ։ Դա չի կարելի անել նույնիսկ հանուն Իսրայելի, որը սովորական իրավիճակում կարող է լավ գործընկեր լինել ու որի հետ պետք է լավ հարաբերություններ պահպանել։ Պետք է ամեն վայրկյան հիշել, որ Իրանի որդեգրած տարածաշրջանային քաղաքականությունը Հարավային Կովկասի հարաբերական կայունության հիմնաքարերից է։

Իսրայելն այն երկիրն է, որը վախենում է Թուրքիայից ու չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

Մեր հարավային հարևանը մեծ դերակատարություն ունի այն գործում, որ արցախյան շփման գծում լայնածավալ մարտական գործողություններ տեղի չեն ունենում։ Պետք է հիշել նաև անմիջական հարևանների նկատմամբ Իրանի վերաբերմունքի յուրահատկությունների մասին։ Պետք է հաշվի առնել, որ միջազգային ասպարեզում ստեղծված բարդ իրավիճակում, որում հայտնվել է Իրանը, այն բավականին խանդոտ է վերաբերվում, երբ իր հարևանները սեթևեթում են իր գաղափարական հակառակորդների հետ։

Իրան-Հայաստան գազատարը կարող է նավթ մատակարարել Մեղրիի նավթավերամշակող գործարանին

Այդ առումով րոպե առաջ Իսրայելում դեսպանատուն բացելու` պաշտոնական Երևանի ձգտումը դժվար է սեփական հետաքրքրություններով բացատրել։ Հատկապես, որ Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունները դժվար է բարի դրացիական կոչել։

Սկսած այն հանգամանքից, որ Քնեսեթը մինչ այժմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գոնե որևէ օրենք չի ընդունել, վերջացրած սկանդալային տեղեկությունով, որ իսրայելցի մասնագետները կապ ունեն Ադրբեջանին մարտական դրոններ վաճառող ընկերության հետ։ Հետագայում պարզվեց, որ գուցե հենց նրանք էլ կառավարում էին ԱԹՍ-ները նաև 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ։

Այն ժամանակ սկանդալը մի կերպ հարթեցին: Իսրայելական ընկերությունը (չեմ ուզում նույնիսկ անունը տալ) կարծես թե նույնիսկ կառավարության պատժամիջոցների տակ ընկավ։ Սակայն պաշտոնական Թել–Ավիվը ներողություն չխնդրեց։

«Ձեզ համար առևտուր, մեզ համար` մահ». ԱԳ նախարարը` Բաքվին իսրայելական զենք վաճառելու մասին

Հավանաբար պետք է հիշել Թել–Ավիվի ու Բաքվի մտերիմ, նուրբ հարաբերությունների մասին, և այդ ֆոնին հարց է առաջանում` արդյո՞ք Հայաստանի համար Իսրայելի մայրաքաղաքում դեսպանատուն ունենալն այդքան անհրաժեշտ է։

Հայկական դեսպանն իր համար նստած է Երևանում։ Թող շարունակի նստել։ Միևնույնն է, չի կարող ազդեցություն ունենալ ո՛չ Իսրայելի արտաքին քաղաքականության ուղղվածության, ո՛չ էլ ուրիշ հարցերի վրա։ Նույնիսկ չի կարող ազդել Քնեսեթի վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Վաղուց հասկանալի է, որ Իսրայելը վախենում է փչացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ ու չի պատրաստվում ճանաչել Ցեղասպանությունը։

Ընդ որում՝ խորհրդարանականները նույնիսկ չեն թաքցնում դա. բաց տեքստով են խոսում։ Արդյո՞ք արժե, որ Երևանը նրանց համար փչացնի հարաբերություններն իսկապես ռազմավարական գործընկեր Թեհրանի հետ։

ՄԱԿ-ում «մեծ բենցի» նախօրեին ԱՄՆ-ն նորից բոլորին ժողովրդավարությո՞ւն է սովորեցնում

Իսրայելի հետ հարաբերությունները կարևոր են միջազգային գործընթացներին Հայաստանի մասնակցության հարցում։ Սակայն պետք է մի պարզ ճշմարտություն հասկացնել ամբողջ աշխարհին` մենք չենք պատրաստվում վստահելի գործընկեր Իրանին փոխարինել Իսրայելով։

Ինչպես Հայաստանի վրա կազդի Իրանում տիրող իրավիճակը. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեսակետը

Եթե պետք է, կարելի է նույնը պարզ կերպով բացատրել նաև ամերիկացիներին, որոնք շատ կցանկանային ճնշում գործադրել Երևանի վրա ու փոխել երկրի արտաքին քաղաքական վեկտորը։

ԱՄՆ-ն շատ բան կտար հարավկովկասյան տարածաշրջանում Իրանը թշնամության անթափանց պատով շրջապատելու համար։ Բայց պետք չէ Հայաստանին խառնել այդ խաղերի մեջ։ Հիմա, երբ ոչ միայն տարածաշրջանը, այլև ամբողջ աշխարհը լուրջ աշխարհաքաղաքական ցնցումների առաջ է կանգնել, բացահայտորեն սխալ կլիներ խաղադրույք անել Միացյալ Նահանգների ցանկությունների վրա։

Խաղաղ Հայաստանը պետք է ուժեղ լինի. մոսկովյան բանակցությունների «սուխոյ» շեշտադրումը

Սխալ կլիներ հատկապես ԱՄՆ-ի ագրեսիվ արտաքին քաղաքականության ֆոնին, որն իրականացվում է Հայաստանի հարավային ռազմավարական գործընկերոջ նկատմամբ։ Հիմա Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի իրականացրած գործողություններից հեռու են ուզում մնալ ոչ միայն ամերիկացիների գաղափարական հակառակորդներ Ռուսաստանն ու Չինաստանը, այլև դաշնակից Եվրամիությունը։

Այս ամենը ՄԱԿ-ում ակնկալվող «մեծ բենցի» շեմին, որտեղ սպառազինության իրանական էմբարգոն նորացնելու կամ վերացնելու հողի վրա կբախվեն վերոհիշյալ բոլոր երկրները։ Վաշինգտոնն արդեն միջազգային հանրությանը հասկացնում է, որ պատրաստ է ամենակոշտ քայլերի, միայն թե թույլ չտա այդ էմբարգոյի վերացումը։

Սակայն արդեն հասկանալի է, որ դրանք կբախվեն առնվազն Ռուսաստանի ու Չինաստանի վետոյին։ Մոսկվան ու Պեկինը մի կողմ, նույնիսկ Բրյուսելն է սկսել խոսել այն մասին, որ միակողմանի կարգով «միջուկային» պայմանագիրը լքած ԱՄՆ-ն այսուհետ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործերին միջամտելու ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական իրավունք չունի։

Վաշինգտոնը բարկանում է, առաջարկում Ռուսաստանը դասել ահաբեկչության հովանավորների շարքն ու նրա դեմ նոր պատժամիջոցներ կիրառել։

Ինչպես է եվրոպական պահեստներում մնացած զենքը Իսրայելի թեթև ձեռքով հասել Ադրբեջան