«91 տարեկան տատիկ ունենք, որը շուտով առողջացած դուրս կգրվի հիվանդանոցից»․ Արարատի մարզպետ

Արարատի մարզպետի խոսքով` միայն երեկ կորոնավիրուսով վարակված 20 քաղաքացի ապաքինվել են և դուրս գրվել Արտաշատի ԲԿ-ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Արարատի մարզում 91-ամյա տատիկը հաղթել է կորոնավիրուսի դեմ պայքարում և այսօր կամ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից։ Ուրախալի լուրը հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ։

Կալինինգրադում COVID-19-ից մահացել է մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը

Արարատի մարզպետարանն իր ենթակայության տակ ունի 4 մեծ բժշկական կենտրոններ՝ Մասիսի, Արտաշատի, Արարատի և Վեդիի, որոնցից 2-ը, մարզպետի հավաստմամբ, (Արտաշատի և Վեդիի ԲԿ-ները) վերապրոֆիլավորվել են, որպես ինֆեկցիոն հիվանդանոցներ։

«Մեր բուժաշխատողները բարձր պրոֆեսիոնալիզմ են դրսևորում։ Իհարկե, ունենք նաև արտերկրից ժամանած համաճարակաբան, որն ակտիվ աջակցում է մեր բժիշկներին,  և այս ընթացքում ունեցել ենք բազմաթիվ առողջացած պացիենտներ։ Օրինակ` երեկ 20 պացիենտներ առողջացել են և դուրս են գրվել հենց Արտաշատի ԲԿ-ից։ Սպասում ենք մի հրաշք դեպքի․ 91 տարեկան տատիկ ունենք, որն այսօր կամ վաղը առողջացած դուրս կգրվի հիվանդանոցից »,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` այս պահին կան որոշակի դժվարություններ, որոնք փորձում են լուծել համայնքապետերի աջակցությամբ։ Մասնավորապես տրանսպորտային միջոցների տրամադրում բուժամբուլատորիաների աշխատակիցներին հիվանդների կամ ենթադրյալ վարակվածների տուն այցելելու, նմուշառումներ կատարելու  համար։

Լիտվացի բժիշկները հայ գործընկերներին կօգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում

«Համայնքի ղեկավարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել տրամադրել տրանսպորտային միջոցներ և այդ ծախսերը վերցնել իրենց վրա»,-ասաց մարզպետը։

Հիշեցնենք՝ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14103։ Նախորդ մեկ օրում 428 նոր դեպք է գրանցվել։ Բուժվածների թիվը 5226 է, բուժում ստացողներինը՝  8573։ Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում։