10 մլն ծառի փոխարեն այս տարի կտնկվի միայն 2 միլիոնը

Կորոնավիրուսը խախտել է կառավարության բնապահպանական ծրագրերը: Նախարարի պաշտոնակատարը, սակայն, հուսով է հաջորդ տարի 10 մլն-ից էլ շատ ծառ տնկել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի խոստացած 10 մլն ծառերն այս տարի չեն տնկվի: Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ պատճառը կորոնավիրուսն է:

Սևանում խեցգետնի որսն այս տարի կարգելվի. պաշարները վտանգված են

Բայց խոստացված 10 մլն-ի փոխարեն, նրա խոսքով, այս տարի սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում կտնկվի 2 մլն ծառ:

Իսկ համազգային ծառատունկի հավակնոտ ծրագիրը տեղափոխվել է 2021 թվական:

«Կորոնավիրուսի հետ կապված մեր տնտեսության մեջ առկա դանդաղումների հետևանքով որոշվել է 10 մլն-ի ծրագիրը հետաձգել մինչև 2021 թ.: Այժմ բանակցություններ են տարվում թե՛ անհատների, թե՛ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ: Հույս ունենք` մենք ավելի շուտ կսկսենք ու ավելի լավ արդյունքների կհասնենք: Հնարավոր է, որ 10 մլն-ն էլ կավելանա»,- ասաց Ջիլավյանը:

Ինչ վերաբերում է 2 մլն ծառին, դրանք, նրա խոսքով, ուռենիների կտրոններ են, որոնք համայնքներում տնկվում են կորոնավիրուսի հետևանքների սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման 13-րդ ծրագրի շրջանակում:

Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու ծրագիրը հետաձգվում է

Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։

2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը` որոշում է կայացվել 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ: