Կորոնավիրուսից բուժվածների թիվն այսուհետ գերազանցելու է նոր վարակվածներին. ինչի հաշվին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորել  է չշտապել լավատեսական մեկնաբանություններ անելու հարցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Վաղը կորոնավիրուսից բուժվածներն ավելի շատ կլինեն: Նման կանխատեսում այսօր facebook-ի ուղիղ եթերում արեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Կորոնավիրուսի նոր ալիքներ կլինեն․ ինչ է խորհուրդ տալիս հայտնի բժշիկը

«Մենք պետք է պատրաստ լինենք վաղվա բուժվածների մեծ թվին: Այն այսօրվա թվից շատ-շատ մեծ կլինի»,- ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով` այդ մեծ թիվը պայմանավորված է ոչ թե համաճարակային իրավիճակի բարելավմամբ, այլ ուղղակի ռազմավարության փոփոխությամբ: Բանն այն է, որ վաղն առողջացածների վիճակագրությունը կհամալրեն այն քաղաքացիները, որոնք մայիսի 25-ից հետո բուժում էին ստանում տանը: Պարետի որոշմամբ` ախտանշաններ չունեցող այն  քաղաքացիները, որոնք բուժում են ստանում տնային պայմաններում, համարվում են բուժված մեկուսացման 14 օրը լրանալուց հետո:

Ու թեև նախարարի մեկնաբանմամբ կորոնավիրուսից բուժվածների թիվն այսուհետ գերազանցելու է նոր վարակվածների թվին, բայց Թորոսյանը հորդորում է չշտապել լավատեսական եզրակացություններ անել: Անվտանգության միջոցառումները, նրա խոսքով, հարկ է շարունակել պահպանել:

Հիշեցնենք` այսօրվա վիճակագրության համաձայն` առողջացածների թիվը գրանցված հիվանդների թիվը գերազանցում էր 5-ով:

Եթե արձանագրված վարակակիրների թիվը  350 էր, ապա բուժվածներինը՝ 355:

Երբ COVID 19-ի բուժումը մնում է պոլիկլինիկայի վրա. ինչ է պարտավոր անել տեղամասային բժիշկը