«Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է` հաշվի առնելով նոր ծավալումները». Թորոսյան

Առողջապահության համակարգի պատասխանատուները քննարկման ժամանակ ներկայացրել են ընթացիկ խնդիրները, քննարկել առաջիկա անելիքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, նրանց ուշադրությունը հրավիրել ինֆորմացիայի հասանելիությանը, մասնավորապես` որքան ազատ և զբաղված մահճակալ կա իրենց բուժհաստատություններում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

350 նոր դեպք` վերջին մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 13 հազար 675 մարդ

«Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են, և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա»,- նշել է Թորոսյանը:

Բուժհաստատությունների ղեկավարները փաստել են, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը հիմնականում բաժին է ընկնում վերակենդանացման բաժանմունքներին:

Նախարարն ընդգծել է, որ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները: Նա նաև կենտրոնների ղեկավարներին կոչ է արել հետևողական լինել պացիենտների բուժման ընթացքին և հատուկ ուշադրություն դարձնել դուրսրգրումներին:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 13 675։

Կորոնավիրուսը ևս 6 մարդու կյանք է խլել. ամենաերիտասարդը 46 տարեկան է