ՀՀ ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներ են ձերբակալվել

Ձերբակալվածներից մեկը ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետն է, մյուսը` ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին պետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և այն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՀՀ ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներ։ Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Ազգային արխիվի մարզային մասնաճյուղի տնօրենը. տեսանյութ

ՀՔԾ–ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018-2019թթ-ին «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով նախնական համաձայնությամբ կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2017թ.-ին նախատեսվել է Երևան քաղաքում ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների տեղադրման և լուսաազդանշանների պահպանման աշխատանքները 2018թ.-ից իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մրցութային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով, իսկ այդ աշխատանքները նախկինում իրականացրած «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որի կառավարման լիազորությունները վերապահված են եղել ՀՀ ոստիկանությանը, լուծարել: ՊՈԱԿ-ի տնօրեն Էդուարդ Հարությունյանը և նրա ազգականը` ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը, տեղեկանալով այդ մասին, հիմնադրել են նոր ընկերություն` «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն, դրա միջոցով հիշյալ գնման գործընթացներին մասնակցելու համար:

Գնման գործընթացի պլանավորման շրջանակներում ճանապարհային գծանշման և համապատասխան այլ աշխատանքների վերաբերյալ տեխնիկական բնութագրերի կազմումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանման պետ Կոնստանտին Կոստանյանին, սակայն վերջինս, չունենալով գնման գործընթացներում անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, միևնույն ժամանակ տեղեկացված լինելով Էդուարդ և Գևորգ Հարությունյանների կողմից ընկերություն հիմնադրելու և դրա միջոցով հիշյալ գնման գործընթացներին մասնակցելու մտադրության մասին, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, տեխնիկական բնութագրերը կազմելու համար դիմել է նրանց:

Վանաձորի համալսարանի ամբիոնի վարիչը ձերբակալվել է. 8 ուսանողի մեղադրանք է առաջադրվել

Վերջիններիս գիտությամբ տեխնիկական հիշյալ բնութագրերը կազմել է «Լուսանշան» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Ստեփանյանը: Ընդ որում` գնման տեխնիկական բնութագրերը բարդացվել են` այլ մասնակիցների համար մրցակցության սահմանափակումներ առաջացնելու և հայտարարված մրցույթներին միայն «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի մասնակցությունն ապահովելու համար: Արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից հայտարարված մրցույթում առաջին տեղ զբաղեցնող մասնակից է ճանաչվել նվազագույն գներ առաջարկած «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանը, որը հանդիսացել է նաև ճանապարհային գծանշումների վերը նշված աշխատանքների գնման ընթացակարգերը գնահատող հանձնաժողովի նախագահը,«Ուկռինվեստ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պայմանագրերը գնահատել է բավարար և չի արձանագրել առկա անհամապատասխանությունները` չնայած դրանց` օրենսդրության պահանջների խախտմամբ կազմված լինելու հանգամանքին: Արդյունքում գնահատող հանձնաժողովն ընտրված մասնակից է ճանաչել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ին և որոշել վերջինիս հետ կնքել 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր, որոնցով նախատեսված ծառայությունները, սակայն, ընկերության կողմից կատարվել են տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններից էական շեղումներով:

«Պարզվում է` ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ». Մինասյանի համակարգչի ֆայլերը գտել են

Մասնավորապես, ճանապարհային գծանշման աշխատանքները տեխնիկական բնութագրերով նախատեսված գերմանական «BERGER» ֆիրմայի կամ համարժեք ներկանյութերի փոխարեն կատարվել են անհայտ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված և համապատասխան տեխնիկական պահանջներին չհամապատասխանող անորակ ներկանյութերով, գծանշումներն էլ նախատեսվածից ավելի քան 135 հազ. քմ-ով պակաս են կատարվել, սակայն դրանք խաբեությամբ ցույց են տրվել իբրև կատարված աշխատանքներ, և դրանց համար պետությունից «Ուկռինվեստ» ընկերությանը ավել է վճարվել ավելի քան 228 մլն ՀՀ դրամ:

Միքայել Մինասյանի անվան հետ կապվող բիզնեսների բաժնեմասերը կալանքի տակ են

Չի կատարվել նաև ճանապարհային նշանների մետաղական կանգնակների պատրաստման և տեղադրման աշխատանքների մի մասը, մի մասն էլ կատարվել է տեխնիկական բնութագրերի պահանջների խախտմամբ: Այսպես, միայն 2018թ.-ին 212 մետաղական կանգնակներից 111-ը փաստացի չի պատրաստվել և չի տեղադրվել, տեղադրվածներն էլ իրենց որակական չափանիշներով չեն համապատասխանել տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին: Ընդհանուր առմամբ` ճանապարհային նշանների տեղադրման ծառայությունների համար պայմանագրով նախատեսված միջոցներից հափշտակվել է ավելի քան 5 մլն ՀՀ դրամ:

Մեկ այլ պայմանագրով էլ նախատեսված 249 լուսացուցային օբյեկտներից 16-ը ընդհանրապես չի սպասարկվել, մինչդեռ ընկերության կողմից նշված օբյեկտներն ընդգրկվել են 2018-2019թթ-ին կազմված հանձնման-ընդունման արձանագրություններում և ցույց տրվել իբրև սպասարկման և համապատասխան այլ ծառայություններ մատուցված օբյեկտներ, որի համար «Ուկռինվեստ» ՍՊԸ–ի բանկային հաշվին փոխանցվել է ավել է փոխանցվել ավելի քան 22 մլն ՀՀ դրամ գումար:

ՃՈ ծառայության պաշտոնատար անձ Կ. Կոստանյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, առանց հսկողություն իրականացնելու, ընդունել է ոչ պատշաճ կատարված և ընդհանրապես չկատարված վերը նշված աշխատանքները, ստորագրել դրանց վերաբերյալ կազմված և վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ Հայաստանում

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ և 308-րդ հոդվածների 2-րդ մասերով նախատեսված` վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Հ. Ստեփանյանը, Է. Հարությունյանը, Գ. Հարությունյանը և Կ. Կոստանյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են, իսկ Ա. Կոթողյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է: