ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Այսօր ԱԺ-ում 2019թ-ի գործունեության ֆինանսական հաշվետվությունը ներկայացնելիս ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ 2019թ-ի ընթացքում ՀՀ ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվել է 23 մլրդ 822 մլն դրամ: Դրանից նախաքննության ընթացքում վերականգնվել է միայն 1.9 մլրդը:
Բացի այդ, նրա խոսքով, ապօրինի գույքի վրա կալանք դնելու բազմաթիվ դեպքեր են եղել։ Դրանց տնօրինման հարցը կորոշվի արդեն քրեական գործի ավարտից հետո:
«Որոշ քրեական գործերով բացահայտվել են համայնքի սեփականությունը հանդիսացող հարյուրավոր հեկտար մակերեսով հողամասերի ապօրինի օտարման դեպքեր: Միջնորդություններ են ներկայացվել կառավարության լիազոր մարմին՝ այդ տարածքները համայնքներին վերադարձնելու համար»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ բացահայտված դեպքերից մեկը վերաբերում է «Հաղթանակ» զբոսայգու տարածքից 1 հա ապօրինի զավթելուն, մեկ ուրիշը` Ծաղկաձորի անտառների տարածքից 106 հա զավթելու փաստերին:
«Թեև վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքերով մեղավոր պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, սակայն նախաձեռնվել է այդ տարածքների վերադարձը պետությանը»,- հայտնեց ՀՔԾ պետը:
Խաչատրյանը հայտնեց նաև, որ մեկ այլ քրեական գործով էլ հիմնավորվել է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան իր մտերիմների միջոցով ապօրինի հողամասեր է իրացրել, որոնցից 7.5 հեկտարը՝ Դիլիջանում, 168 հեկտարը՝ Արարատի մարզում:
«Միայն Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով պարզվել է Դիլիջանի ու Արմավիրի մարզերում տեղակայված 40 անուն անշարժ գույքի՝ նրան փոխկապակցված անձանց ապօրինաբար մասնավորեցնելու դեպքեր: Նույն ընթացակարգով նախաձեռնվել է նաև նշված գույքերի վերադարձը համայնքներին»,- ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք` «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում ապօրինի կառուցված առանձնատների մասին կառավարության փետրվարի 20-ի նիստում խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` տարիներ շարունակ նախորդ իշխանությունները ՀՀ օրենքները հարմարեցրել են իրենց շահերին ու օրինականացրել իրենց ապօրինությունները։
Վարչապետը խոստացել էր հարկ եղած դեպքում կիրառել անցումային արդարադատության գործիքները, քանի որ տեղի ունեցածը, նրա բնորոշմամբ, արհամարհանք է հանրային կարծիքի և Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։
Խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի մասին աղմկահարույց օրենքը