Գյումրու «Լենտեքս» ու «Սվետտեքս» ընկերություններում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել

«Սվետտեքսը» դադարեցրել է աշխատանքը, «Լենտեքսը» դեռ մտածում է, բայց երկու ընկերություններում էլ վարակակիրների օջախ է հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրու երկու խոշոր ընկերություններում՝ «Լենտեքսում» ու «Սվետտեքսում» (կարի արտադրամասեր), կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվ է հաստատվել: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ «Լենտեքսում» մի քանի օր առաջ արձանագրված 2 վարակակիրների հետ շփվողների շրջանակում նմուշառումներ են իրականացվել նախ «Լենտեքսում», ապա նաև «Սվետտեքսում», և պարզվել է, որ բավական մեծ թվով աշխատակիցներ են վարակված:

«Յուրաքանչյուր հիմնարկում ՀՎԿԱԿ-ը կոնտակտավորների մեծ շրջանակ է պարզել, որից հետո 2 ընկերությունում էլ իրականացվել են նմուշառումներ, և երկու հիմնարկում էլ ավելի քան 20 վարակակիրների օջախ է հայտնաբերվել: Այս պահին «Սվետտեքսի» գործունեությունը դադարեցված է, իսկ «Լենտեքսում» դեռևս հարցը քննարկվում է»,-ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ բոլոր վարակակիրներին ինքնամեկուսացման ցուցում է տրվել:

Շիրակի մարզպետը վստահեցրեց, որ հաստատված դեպքերով ավելի մեծ կոլեկտիվներ մարզում այս պահին չկան:

Կորոնավիրուսը ևս 6 մարդու կյանք է խլել. ամենաերիտասարդը 46 տարեկան է

Հավելենք, որ հունիսի 9-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 75 մարդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Մինչ օրս առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել Շիրակի մարզի 192 բնակիչ։ Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ վարակը հաստատվել է հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացնում է առողջության առաջնային օղակը։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։

Ինչպես չվարակվել կորոնավիրուսով, եթե տանը վարակակիր կա. պարզ կանոններ մասնագետից

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2575 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է նմուշառման 1252 հետազոտություն։

350 նոր դեպք` վերջին մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 13 հազար 675 մարդ