«Սա մի սարսափելի աշխատանք է». գերմանացի հայ բժիշկը երազում է ներկա գտնվել որդու 1–ամյակին

Հայ երիտասարդ բժիշկը, որը Գերմանիայում թողել է կնոջն ու 10 ամսական երեխային, եկել է իր ժողովրդին օգնություն ցուցաբերելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Գերմանիայից օրեր առաջ Հայաստան ժամանած ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը, որն այժմ աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և բուժում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր հիվանդներին, այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց, որ հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունն են իրեն Հայաստան բերել։

Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարացվի. Փաշինյան

«Դեռ մարտ–ապրիլ ամիսներին Գերմանիայում ունեցանք մեծաքանակ կորոնավիրուսով վարակվածներ, որոնք բուժում էին ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Մայիս ամսին վարակը խլեց բազմաթիվ կյանքեր և թողեց ահռելի սոցիալ–տնտեսական հետևանքներ, որից հետո նահանջեց։ Իմ կարծիքով` պատճառը քաղաքացիների բարձր սոցիալական պատասխանատվությունն էր։ Այդ ժամանակ հայրենիքում սաստկացող իրավիճակն ամեն օր ինձ մտորումների տեղիք էր տալիս, և երբ լսեցի նախարարի հայտարարությունը, որ պահանջվում են մասնագետներ, տոմս գնեցի ու եկա Հայաստան` Գերմանիայում թողնելով կնոջս ու 10 ամսական երեխայիս»,–պատմեց Մանուկյանը։

«Սիրելի՛ քաղաքացիներ, օգնեք մեզ, խնդրում եմ». «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

Նրա խոսքով` այն աշխատանքը, որն այսօր կատարվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, աննկարագրելի է։

«Սա մի սարսափելի աշխատանք է թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, թե՛ սեփական առողջության տեսանկյունից։ Ողջ բժշկական անձնակազմը կռիվ է տալիս մահվան դեմ։ Հստակ է մի բան` այս հիվանդությունից ոչ ոք ամբողջովին ապահովագրված չէ»,–շեշտեց բժիշկը։

Նա հայտնեց, որ հուլիսի 18–ին իր որրդին կդառնա 1 տարեկան, մեծ հույս ունի, որ հայ հասարակությունը բարձր սոցիալական պատասխանատվություն կդրսևորի, համաճարակը կնահանջի, իսկ ինքը կկարողանա վերադառնալ ընտանիքի մոտ։

Բժիշկը շեշտեց` անհրաժեշտ է խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 350–ով և դարձել 13 675։ Նախորդ օրը վիրուսից 6 անձ է մահացել. ընդհանուր առմամբ, մինչ օրս կորոնավիրուսից 217 մահվան դեպք է գրանցվել մեր երկրում։

Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի որոշակի կայունացում կա և կլինի. Փաշինյան