Գագիկ Ծառուկյանի կուսակիցները մեկնաբանում են իրենց առաջնորդի մասին հրապարակումները

Մամուլում հրապարակված երկու դատավճիռների շուրջ կրքերը չեն մարում: Ինչո՞ւմ էր մեղադրվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 41 տարի առաջ ու ինչպես է դրանից 22 տարի անց արդարացվել: Sputnik Արմենիան ներկայացնում է Ծառուկյանի կուսակիցների կարծիքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը կարծում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ մեկնարկած հակաքարոզչությունը իշխանությունների ձեռքի գործն է: Նա իր կարծիքը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Իշխանություններն ընկել են այնպիսի ցայտնոտի մեջ, որ անցել են բարոյականության բոլոր սահմանները ու փաստացի այսօր դիմում են նման լկտի քայլերի: Կորոնավիրուսի դեմ պայքարի, տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի, սոցիալական ահավոր վիճակի դեմ պայքարի փոխարեն ընկել են, փորձում են շանտաժների, ստի կամ լկտիության ճանապարհով պայքարել ընդդիմության դեմ: Հասկանում եք՝ ահավոր վիճակ է երկրում, իսկ իրենք տեսեք` ինչով են զբաղված»,- ասաց Աբովյանը:

Նրա համոզմամբ` տեղի ունեցածը ցայտուն ապացույցն է իրենց հնչեցրած այն գնահատականի, որ այսօրվա իշխանությունն ունակ չէ ադեկվատ գնահատել վտանգները, ադեկվատ պայքարել դրանց դեմ և կառավարել երկիրը:

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ուղղակի առճակատում է իշխանության հետ. Դունամալյան

Ինչ վերաբերում է Ծառուկյանին 41 տարի առաջ առաջադրված մեղադրանքի մասին հրապարակմանը, Աբովյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չհերքեց, որ նման քրեական գործ ժամանակին իսկապես եղել է:

«Մենք բոլորս էլ գիտենք, որ խորհրդային շրջանում երիտասարդների գլխին սարքում էին, որ գումար վերցնեին: Ծառուկյանն այն ժամանակ 20 տարեկան երիտասարդ էր, դեռ ամուսնացած չէր, սարքել են, որ 1500 ռուբլի կորզեն: Եվ այս ամենի պատասխանը հետևյալն է: Հետագայում Վճռաբեկ դատարանն արդարացրեց պարոն Ծառուկյանին: Ապացուցվեց, որ այդ գործը շինծու է, և այն ժամանակվա խորհրդային միլիցիայի կողմից այս գործի դասական նպատակը միմիայն գումար կորզելն էր»,- ասաց Աբովյանը:

Անձնական ու քաղաքական հարթությունները խառնելը, Աբովյանի համոզմամբ, ևս մեկ վկայությունն է այն բանի, որ ներկա իշխանությունը չի տիրապետում ո՛չ անձնական և ո՛չ էլ քաղաքական հարաբերությունների կանոններին:

Իսկ ԲՀԿ-ն իր առաջնորդին վերաբերող հակաքարոզչական հնարքներին ու շանտաժին այս պահին որոշել է պատասխանել միայն Գագիկ Ծառուկյանի արդարացման դատավճիռը հրապարակելով:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Facebook-ի իր էջում հրապարակել է հայտնի դատավճռից 20 տարի անց կայացրած արդարացման դատական ակտը, որում մասնավորապես ասված է. «Գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն Գ. Ծառուկյանին ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով մեղսագրված արարքները հիմնավորված համարելու համար, և սպառված են լրացուցիչ ապացույցներ հավաքելու բոլոր հնարավորությունները` մանավանդ հաշվի առնելով դեպքից 22 տարի անցնելու փաստը»:

Այս հիմքով Վճռաբեկ դատարանը 1991թ-ին կայացրած վճռով ըստ էության բեկանել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դրանից 22 տարի առաջ կայացված մեղադրական դատավճիռը, արդարացրել ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացրել:

«Մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար»․ Մակունցը՝ Ծառուկյանին

Նշենք, որ 41 տարի առաջ 1997թ-ի մեղադրական դատավճռով Գագիկ Ծառուկյանը մեղադրվել էր ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով նախատեսված արարքների համար, այն է՝ բռնաբարություն և կողոպուտ:

Այս քրեական գործի նյութերը երեկ հրապարակվել էին ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում:

Ծառուկյանի խոսնակն այս հրապարակման մեջ հատուկ միտում է տեսնում՝ գրելով. «Իշխանության մակարդակն այնքան է իջել, որ ամենակեղտոտ մանիպուլյացիաների դիմելով՝ 40 տարվա վաղեմության սարքած դատական գործ են արխիվներից հանում ու տարածում, ու այնքան ապաշնորհ ու անտաղանդ են գտնվում, որ չգիտեն անգամ, որ այդ գործով վաղուց արդեն մարդու անմեղությունն ապացուցող դատավճիռ է կայացվել»:

Ծառուկյանի դեմ հրապարակումները հաջորդել էին հունիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի ունեցած այն ելույթին, որտեղ նա հայտարարել էր, որ ՀՀ կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի: