ՌԱԴԻՈ

Բանակի արատավոր բարքերին տրվում է վերացման մեկնարկ. փորձագետը` նախարարի տեսլականի մասին

Ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի եթերում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ պաշտապանության նախարար Դավիթ Տոնոյանի տեսլականի վերաբերյալ, որն առնչվում է պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթություններին։
Sputnik
Բանակի արատավոր բարքերին տրվում է վերացման մեկնարկ. փորձագետը` նախարարի տեսլականի մասին

Կարեն Վերանյանի կարծիքով` շատ գովելի է, որ նման տեսլական է ներկայացվում պաշտպանության ոլորտի պատասխանատուի  կողմից բավական կարճ ժամանակահատվածի համար, որովհետև դա հնարավորություն է տալիս շատ արագ փոփոխվող աշխարհում նույն արագությամբ և ճկունությամբ արձագանքել առկա մարտահրավերներին ու զսպել հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են ի հայտ գալ անվտանգության ոլորտում` Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում, մեր տարածաշրջանում և առհասարակ միջազգային հարաբերություններում։ 

«Կարևոր է Դավիթ Տոնոյանի դիտարկումը հատկապես ռազմական մշակույթի վերանայման մասին, քանի որ կոռուպցիոն ռիսկերի ու արատավոր բարքերի գործընթացին, որոնք կան և տասնամյակներ շարունակ եղել են Հայաստանի զինված ուժերում, տրվում է վերացման մեկնարկ։ Շատ հետաքրքիր ձևակերպում է նաև առաքելության ընկալումը, այսինքն` յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի իր տեղն ու դերակատարումը զինված ուժերում, ինչն ունի կոնցեպտուալ և ռազմավարական նշանակություն»,– ասում է ռազմական փորձագետը։

Ջալալ Հարությունյանը վերանշանակվել է․ Արցախի նախագահը կարևոր որոշումներ է կայացրել

Կարեն Վերանյանն առանձնացնում է նաև ռազմատեխնիկական ու տեխնոլոգիական բաղադրիչներին վերաբերող դրույթներն ու ձևակերպումները, ինչպես նաև քաղաքացիական վերահսկողությանն ու քաղաքացիական ներգարվվածությանը վերաբերող հարցապնդումները, որոնց շնորհիվ հնարավոր է իրականացնել ներդաշնակ փոփոխություններ։ 

«Բանակը չպետք է կաղապարված լինի իր մեջ, այնտեղ պետք է վերանա գաղութային տրամաբանությունը։ Բանակը պետք է լինի զինվորականության ու քաղաքացիական հասարակարգի միասնականության ինստիտուտը։ Դրանում պետք է ներգրավված լինեն հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչները` նպաստելով բանակի զարգացմանն ու հզորացմանը` սկսած կրթությունից վերջացրած սպառազինության մատակարարմամբ»,– նշում է ռազմական փորձագետը։

Կարեն Վերանյանի դիտարկմամբ` պաշտպանության նախարարի տեսլականի առանցքում ընդգծված է մարդկային կապիտալի գործոնը, որովհետև որքան էլ հագեցած լինեն զինված ուժերը համապատասխան սպառազինությամբ, բայց եթե չունենան պրոֆեսոինալ կազմ և մասնագիտական ներուժ, ապա կսահմանափակվեն կարողություններն ու հնարավորությունները։   

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման վերաբերյալ իր տեսլականը։

Նախարարը նշել է, որ արդեն մեկնարկել է ԶՈւ–ի լայնածավալ վերազինման գործընթաց՝ սկսած հրաձգային զենքերից մինչև հեռահար հրթիռային համակարգեր և մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա: