ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ճգնաժամը նրանով է ճգնաժամ, որ իրար է խառնում մարդկային, պաշտոնեական, ընկերական հարաբերությունները: Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում, պատասխանելով ՀՀ ԳՇ արդեն նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի մասին հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որոշումները շատ հաճախ ճգնաժամային իրավիճակներում միանշանակ չեն լինում, բայց գալիս է, հասնում մի գծի, երբ կարգուկանոնը, երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ և անվերապահ կատարումը դառնում են առաջնահերթություն մնացած բոլոր հարցերի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը երջանկություն մաղթեց գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն ու հարսին, ցավ հայտնեց իրադարձությունների հետագա ընթացքի համար, բայց և շեշտեց, որ երկրի պետական անվտանգության շահը, պետական կառավարման որակի շահը պահանջում էր կայացնել նման որոշումներ:
«Պետական կառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան կարգապահություն, որպեսզի մենք կարողանանք սեփական օրինակով քաջալերել մեր հայրենակիցներին ու օր առաջ հաղթահարել այս ճգնաճամը»,- ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է աշխատանքից ազատել գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին։
Պաշտոնյայի գործողությունները չպետք է հակասեն վարչապետի ասածի կոնտեքստին. Փաշինյան
Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 7–ին, կայացել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքը։ Նշենք, որ Հայաստանում մինչև հունիսի 13–ը արտակարգ դրության ռեժիմ է, և մեծածավալ միջոցառումների անցկացումն արգելված է։