ՀՀ ոստիկանապետն էլ կազատվի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանն Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու առաջարկով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել ոստիկանապետ Արման Սարգսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ, Sputnik Արմենիային տեղեկացրեց նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանը։

Նիկոլ Փաշինյանը ստացել է իր ընտանիքի կրկնակի թեստերի պատասխանները

Փաշինյանը կարևոր որոշումներ է կայացրել. ովքե՞ր են ԱԱԾ–ի, ԳՇ–ի և Ոստիկանության նոր պետերը

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում փոփոխություններ են լինելու։ Հունիսի 4-ին աշխատանքից ազատվելու դիմում էր գրել նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ նախագահի աշխատակազմը ստացել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը` աշխատանքից ազատել ԱԱԾ տնօրեն էդուարդ Մարտիրոսյանին ու ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին։

Արման Սարգսյանը ծնվել է 1978 թ-ին։ Ոստիկանության համակարգում աշխատում է 2000թ-ից։ 2012-2014 թթ․ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետի, 2014-2017թթ․՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետի, 2017-2018-ին՝ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնները:

2018 թվականի մայիսի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր ոստիկանապետի առաջին տեղակալ: