«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում գրեթե ազատ տեղ չկա

Կորոնավիրուսիով վարակված 360 հիվանդ ներկա պահին բուժում է ստանում թերապևտիկ բաժանմունքում: Նիկոլ Փաշինյանն այցելել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Այս հիվանդանոցում է գտնվում Հայաստանում ամենամեծ վերակենդանացման բաժանմունքը, որի 77 տեղերից այս պահին ազատ է միայն 3-ը:
Կորոնավիրուսիով վարակված 360 հիվանդ էլ բուժօգնություն է ստանում թերապեվտիկ բաժանմունքում:

Վրացական կազմակերպութունը Երևանին ախտահանիչ խցիկներ կնվիրի

«Երեկ չէ առաջին օրը մահացած վիճակում հասել եմ այստեղ: Հիմա միայն այս անձնակազմի շնորհիվ է, որ ապրում եմ»,- վարչապետին պատմեց հիվանդանոցում բուժում ստացող հիվանդներից մեկը՝ շնորհակալություն հայտնելով հիվանդանոցի բուժանձնակազմին, որոնց, ինչպես ինքն ասաց, անգամ դեմքով չի ճանաչում, որ կարողանա շնորհակալություն հայտնել:

Այցի ընթացքում Արսեն Թորոսյանը վարչապետին ներկայացրեց նաև հիվանդանոցում կատարվող վերանորոգման աշխատանքները: Նա ասաց, որ հիվանդանոցի խորհրդային շրջանի փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզել են, որ այն կառուցվել է ոչ միայն որպես շտապ օգնության բազմապրոֆիլ հիվանդանոց, այլև հատկապես որպես համաճարակային կենտրոն:

Նշենք, որ  «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ այցից առաջ վարչապետն ու նախարարը ծանոթանում էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում տիրող իրավիճակին ու կատարվող աշխատանքներին։