ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ առաջիկա օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ):
«Մի կարևոր փաստ ևս. այսօր առաջին անգամ մեր նոր՝ Այրվածաքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործող տրիաժ կենտրոն ընդունված պացիենտներին համակարգչային տոմոգրաֆիա է արվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում (հայտնի որպես Ֆիզիկայի ինստիտուտի ցիկլոտրոն)»,-Facebook–ի իր էջում գրել է վարչապետը։
Նա հիշեցրել է, որ մոտ մեկ ամիս առաջ կառավարության նիստում առողջապահության նախարարից հետաքրքրվել էր, թե երբ կսկսի գործել պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆը, որը շատ անհրաժեշտ է քաղցկեղ ունեցող քաղաքացիների համար և տեղադրված է հենց այս կենտրոնում։
Կորոնավիրուսը ևս 11 մարդու կյանք է խլել Հայաստանում. ամենաերիտասարդը 52 տարեկան կին է
«Ուզում եմ տեղեկացնել, որ վերջինիս վերջնական գործարկման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը անցյալ շաբաթ ներկրվել են Հայաստան և մյուս շաբաթ այն ամբողջությամբ կգործարկվի երկար տարիների պարապուրդից հետո։ Հիշեցնեմ նաև, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար։ Մեր քաղցկեղ ունեցող պացիենտները ՊԷՏ/ՀՏ համար այլևս ստիպված չեն լինի արտասահման մեկնել»,- գրել է Փաշինյանը։
Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թարոսյանն իր հերթին Facebook–ի իր էջում հայտնել է, որ քննարկվում է նաև Մարտունու ԲԿ-ում կովիդ բաժանմունք և Տավուշի մարզում կովիդ կենտրոն ունենալու հարցերը։
Հիշեցնենք` մինչ այժմ Հայաստանում 9 բուժհաստատություն էր իրականացնում Covid 19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժում: Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի բժշկական կենտրոնը:
Այլ մասնավոր հիվանդանոցներ ևս սկսել են կորոնավիրուսով հիվանդների ընդունել, թեև ընդգրկված չեն պետպատվերով բուժում իրականացնող բուժհաստատությունների ցանկում: Դրանք են «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները:
Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա էլ գործում է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն։
Այսօրվա տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 13 325։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 մարդ, կատարվել է 70 000 թեստավորում, առողջացել են վարակվածներից 4099-ը (+85)։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 211 (+11) մահվան դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվը չի ավելացել (72)։
«Սիրելի՛ քաղաքացիներ, օգնեք մեզ, խնդրում եմ». «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն