Բժիշկ Արսեն Մանուկյանը լսել է ռեանիմատոլոգների պակասի մասին ու վերադարձել Հայաստան

Ռեանիմատոլոգն այժմ աշխատում է բուժհաստատությունում և բուժում կորոնավիրուսով վարակված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ԵՊԲՀ շրջանավարտ Արսեն Մանուկյանը, որն ապրում ու աշխատում է Գերմանիայում, իմանալով, որ Հայաստանում մասնագետների պակաս կա, վերադարձել է հայրենիք։ Տեղեկությունը հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։

«Լավագույններից՝ մեր շրջանավարտ Արսեն Մանուկյանը։ ԵՊԲՀ շրջանավարտ, ով իր Alma Mater-ի անունը բարձր է պահում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս։ Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է Հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին»,– Facebook–ի իր էջում գրել է Մուրադյանը։

Նա նշել է, որ Մանուկյանն այժմ աշխատում է բուժհաստատությունում և բուժում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին:

Առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի` ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ, լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ, ռեանիմատոլոգներ, բուժքույրեր, մայրապետներ:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13 325–ի, հիվանդության զոհ դարձածներինը` 211-ի։