ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ուղեղի կաթված է ստացել։ Տեղեկությունը հայտնում է Baza Տելեգրամ ալիքը։
«Դերասանի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում է», – նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ արտիստի ընկերը` Արթուր Սողոմոնյանն ասել էր, որ Ջիգարխանյանի ինքնազգացողությունը վատացել է, նա չի կարողանում թատրոն գնալ։
Հիշեցնենք` հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Ջիգարխանյանն այն ժամանակ բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։ Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։ Բժիշկներին հաջողվեց նրան դուրս բերել ծանր վիճակից։
Արտիստի մասին այսօր հոգ է տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նրանք ապրել 48 տարի` 1967-2015 թվականներին։ Վլասովան նախկին ամուսնու մոտ է վերադարձել 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները։
1996 թվականից Ջիգարխանյանը Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրենն է։