«Քայլիստներ», սթափվեք, կամ հները հետ չեն գալու. Գասպարյանը իշխանությանը կոչ է արել հեռանալ

Նախկին ոստիկանապետը իմքայլականներին կոչ է արել հրապարակավ ընդունել իրենց մեղքը, ապաշխարել ու հեռացնալ, և հավելել, որ ազգ դարձած ժողովուրդը ոչ միայն վատը կների, այլև կհիշի այն լավը, որ բերել եք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հասարակական գիտակցության մեջ անընդհատ թյուրիմացություն է գեներացվում: Այսպիսի կարծիք ունի ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր  Գասպարյանը։ Facebook-ի իր էջում նա ծավալուն գրառում է կատարել՝ նշելով, թե հենց իշխանությունը հանձնելու խնդիր է դրվում, «քայլիստները» հնչեցնում են մեղադրանքը՝ ուզում եք հները հետ գա՞ն:

«Սթափվե՛ք, մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը». Վլադիմիր Գասպարյանը մտահոգված է

«Միանգամից ասեմ. հները հետ չեն գալու: Հույներն ասում են՝ նորից նույն ջուրը չես մտնի: Ու պատճառը ոչ թե մտնողի ուզել-չուզելն է, այլ այն, որ ջուրն է փոխվում: Մեր երկրի ջրերն անշրջելի՛ փոխվել են: Այնպես որ, մանիպուլացնել պետք չէ. հները հետ չեն գալու, կգան նորերը, որոնց պետք է փոխանցել հների փորձը, պետականամետությունը, «մենք»-ի զգացումը և այլն: Հների իմացությունից ու կարողություններից խոսեցի, և արդեն լսում եմ ոմանց աղմուկը: Սա էլ ասեմ, ու անցնենք առաջ. ահագին «քայլիստներ» ու «քլնգիստներ», չգիտես ինչու, համոզված են, որ հները հատկապես իրե՛նց աչքն են հանել, չնայած իրենց գերհամեստ ունակություններով ծլել-ծաղկել են հենց նրանց ստեղծած պայմաններում (շատերին անձամբ եմ ճանաչում ու կարող եմ վկայել, իրենք էլ կվկայեն, եթե մի կաթիլ ազնվություն ունեն)...»,- գրել է Գասպարյանը։

Նա հավելել է, որ իմքայլականները պետք է հասկանան՝մարդկանց հիշողության մեջ մնալու են այն լավով, որը կթողնեն երկրին: Դրա համար պետք է կարողանան իրենց բերած լավը տարբերակեն վատից և դա անեն հրապարակայնորեն։ Նախկին ոստիկանապետը վստահ է, որ պետք է անցնել «մեղքի գիտակցում-ապաշխարություն-թողություն ճանապարհը»,  որպեսզի ժողովուրդն ազգ դառնա, այլապես ամբոխացումն է սպառնում։

Ապա Գասպարյանը թվարկել է այն մեղքերը, որոնք պետք է անցնեն այդ ճանապարհը՝ հպարտություն, նախանձ, զազրախոսություն, փառատենչություն, սուտ, կեղծավորություն... Բայց նրա կարծիքով՝ գլխավորը կռապաշտությունն է, որի հաղթանակին ականատես եղանք երկու տարի առաջ մեր հրապարակներում ու փողոցներում:

Վլադիմիր Գասպարյանը 900 մլն դրամ պետք է վճարի իր տան նախկին սեփականատիրոջը

«Շատերն էլ մասնակցել են՝ թմբուկ են զարկել, պար են բռնել կուռքի շուրջը, պաշտամունքային գոռգոռացել են: Բոլորից առաջ այդ այլանդակ ծեսի գաղափարախոսներն ու կազմակերպիչները պիտի թողություն խնդրեն: Ու ներում ստանալով՝ հեռանան, որ իրենցից հետո լա՛վը հիշվի: Իսկ լավ գործեր, կրկնում եմ, կան: Օրինակ՝ երկիրն այնպիսի ծայրահեղ վիճակի բերեցին, որ վերջապես ջոկվեց չարը բարուց, լավը՝ վատից, դավաճանը՝ հավատավորից: Մեզ այնքան մոտեցրին աղետի եզրին, որ գործով սկսեցինք սիրել հայրենիքը: Այնքան տեսանելի դարձրին կռապաշտն ու քրիստոնյան, որ կարող ենք ընտրություն անել...Ուրեմն լինելին պիտի՛ կատարվի և կկատարվի»,- գրել է Վլադիմիր Գասպարյանը, ապա շարունակել, որ ամեն ինչ Տիրոջ կամքով է արվում, առանց Տիրոջ կամքի անգամ տերևը ծառից չի ընկնում: Նա դիմել է իմքայլականներին՝ նշելով, որ նրանք էլ հենց Տիրոջ կամքով կամ ընկնելու, կամ՝ բարձրանալու, կամ սիրո, կամ էլ անեծքի են արժանանալու։

ՀՀ ոստիկանապետը գործընկերուհուն ապօրինի բնակարան է հատկացրել. տեսանյութ

«Ինչպես որ դատարկ տեղը Տիրոջդ անունը չպիտի տաս, այնպես էլ դատարկ տեղը մի՛ վախեցրեք մարդկանց հների վերադարձի փուչ սպառնալիքով: Ասում եմ՝ երկրիս ջրերը փոխվել են, ու մեզնից է կախված, թե զուլալվելուց հետո ով կապրի պարզ ջրերում, և ով անիծված ու հալածական կդեգերի երկրի երեսին: Կայենությունն անիծված է: Սթափվե՛ք. այս ծայրահեղ վիճակում կայենություն մի՛ արեք: Հրապարակավ ընդունեք ձեր մեղքը, ապաշխարեք ու հեռացեք, և ազգ դարձած ժողովուրդը ոչ միայն վատը կների, այլև կհիշի այն լավը, որ բերել եք»,- աստվածաշնչյան համեմատություններով կոչ է արել Գասպարյանն ու հավելել, որ «Պատիվ ունեմ» արտահայտությունը «հայրենիքից» հետո ամենաթանկն է  զինվորականների համար: Երանի նրան, ով վաստակում է այն ասելու իրավունքը:

«Դուք ունեք դրա միակ ու վերջին հնարավորությունը, տիկնայք և պարոնայք «քայլիստնե՛ր»: Չվրիպե՛ք...»,- եզրափակել է նախկին ոստիկանապետը։

Հիշեցնենք` 2019թ–ի սեպտեմբերի 18–ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: