ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը կոչ է արել «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքերում տողատակեր չփնտրել, մասնավորապես, թե իբր կորոնավիրուսային հիվանդությունը փետրվարից եղել է Հայաստանում:
Երեկ պարետատան նիստից հետո վարչապետի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ խոսեց նաև Մհեր Դավիդյանցը՝ նշելով, որ եթե փետրվար-մարտ ամիսներին ավելի շատ գերակշռում էին ասիմպտոմ դեպքերը, ապա այժմ վարակվածների մեծ մասը գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:
«Պարոն Դավիդյանցն առնվազն 2 անգամ շեշտեց, որ հիվանդանոցը 4 ամիս լծված է հիվանդության դեմ պայքարին: Իսկ իրականում, դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, մասնավորապես այն երկրներից եկած մարդիկ են, որտեղ վիրուսը առկա է եղել, թեստավորվել են: Դրանք եղել են բաց և հրապարակվել են»,- գրել է ԱՆ խոսնակը։
Նա նաև հավելել է, որ կասկածելի դեպքերը դեռ փետրվարի սկզբից ինֆեկցիոն հիվանդանոցում են հոսպիտալացվել: Նիկողոսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Հայաստանում մարտի 1-ին է գրանցվել:
Կորոնավիրուսի նոր հայտնաբերված դեպքերն ավելի քիչ կլինեն. ԱՆ խոսնակ
Հիշեցնենք՝ մեր երկրում կորոնավիրուսի առաջին վարակակիրը Իրանից ժամանած մեր հայրենակիցն էր։ Մարտի 16-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարված, որն արդեն մի քանի անգամ երկարացվել է։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 766–ով և դարձել 13 130։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 մարդ, կատարվել է 69171 թեստավորում, առողջացել են վարակվածներից 4014–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 200 մահվան դեպք։