ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պահանջում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որտեղ նշված է, թե ինքը կորոնավիրուսով է վարակվել։ Facebook-ի իր էջում պատգամավորը գրառում է կատարել՝ նշելով, որ ինքը՝ որպես քաղաքացի, ճիշտ կառավարվելու իրավունք ունի։
«Սաղ խառնվել ա իրար...Ժողովրդի վարչապետը հիվանդ է, վարակակիր...Ես, որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ իմ կոտրած ձեռով ընտրված վարչապետը 24 ժամվա ընթացքում հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որով հաստատվել է իր՝ վարակակիր լինելու փաստը»,- գրել է Պետրոսյանն ու հավելել՝ որևէ մեկը չփորձի պնդել, թե դա անձնական տվյալ է: Վարչապետն ինքն է հայտարարել իր հիվանդանալու մասին, ուստի, ըստ Պետրոսյանի, այդ տեղեկությունն այլևս գաղտնի չէ։
«Դե քեզ տեսնեմ Նիկոլ Փաշինյան...Ժամանակը գնաց...»,- հավելել է Գևորգ Պետրոսյանն ու օրինակ ծառայել վարչապետի համար՝ հրապարակելով իր հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը։
Նշենք, որ ըստ բժշկական տեղեկանքի՝ Պետրոսյանի համար Covid 19 չի ախտորոշվել։
Ինչ է պետք անել կորոնավիրուսի դեմն առնելու համար. վարակաբանության պրոֆեսորի կարծիքը
Հիշեցնենք, որ հունիսի 1–ին` Փաշինյանի ծննդյան օրը, հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու ողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Նրանք մեկուսացել են վարչապետի կեցավայրում, որտեղից էլ և Փաշինյանը շարունակում է աշխատել։